Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պնդում է, որ իր ակումբի որևէ ֆուտբոլիստ գումարի համար չի դուրս գալիս խաղադաշտ՝ հավելելով, որ կապտանռնագույն մարզաշապիկը կրող ցանկացած ոք կարող է այլ թիմերում շատ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, այս մասին հաղորդում է SportStar.am-ը:
«Բարսելոնան» այս ամռանն ավելի քան 150 միլիոն եվրոյի ձեռքբերում է կատարել: Ակումբի ղեկավարությունը հաշվի է առել, որ հաջորդ երկու պատուհանների ընթացքում կատալոնացիները զրկված են լինելու իրենց կազմը համալրելու հնարավորությունից:
Չնայած բավական առատաձեռն տրանսֆերային քաղաքականությանը՝ Բարտոմեուն պնդում է, որ ֆուտբոլիստները «Բարսելոնա» չեն տեղափոխվում ֆինանսական պատճառներով: «Ակումբում որևէ ֆուտբոլիստ չկա, ով խաղում է գումարի համար:
Այստեղ դու չես խաղում գումարի համար: Բոլորը կարող են այլ թիմերում ավելի շատ ստանալ, ներառյալ՝ Մեսին: Բոլորը բազմաթիվ առաջարկներ ունեն: Երբ «Բարսայի» խաղացողը խաղում է գումարի համար, նա կգտնի մեկ այլ ակումբ, որովհետև մենք մեզ դա չենք կարող թույլ տալ», – նշել է Իսպանիայի փոխչեմպիոնի ղեկավարը:
|