Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրի շրջանակներում հյուրընկալվել էր «Ռայո Վալյեկանոյին»: Կապտանռնագույններին հաջողվեց առանց մեծ ճիգեր գործադրելու առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Թիմի խաղն առանձնապես տպավորիչ չէր, բայց կարևորն այս պահին երեք միավորն է: Խաղի ընթացքում ակտիվ էր Ժերեմի Մատյոն, ով տեղափոխվել էր պաշտպանության ձախ եզր:Կարելի է վստահ ասել, որ մեր ձեռքբերումներից ամենաարդարացնողը հենց ֆրանսիացին է, ով ամեն տեղ ու ամեն կերպ օգնում է թիմին: Կիսապաշտպանությունում նույնպես ամեն ինչ ստաբիլ վիճակում էր, իսկ պաշտպանության կենտրոնը հուսալի էր: ՆեյՄեսսի զույգն իր գործն արեց առաջին խաղակեսի վերջում և հանգստի անցավ: Բրավոն էլ իր գեղեցիկ սեյվերով աչքի ընկավ:
«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն շրջանցեց Արտոլայի ռեկորդը՝ Լա լիգայի խաղերում դարպասն անառիկ պահելով արդեն 630 րոպե:
«Բարսան» շրջանցեց Մադրիդի «Ռեալի» ռեկորդը, որը 1987-ին մեկնարկային խաղերում հեղինակել էր 18 գոլ և բաց չթողել ոչ մեկը: Կատալոնացիներն արդեն մեկ գոլ ավել են խփել:
Բրավո - Մատյո, Պիկե, Բարտրա, Ալվես - Բուսկետս, Չավի, Ինյեստա - Նեյմար, Մեսսի, Մունիր կազմով խաղադաշտ դուրս եկած Լուչոյի թիմի առաջին գոլն այս խաղում հեղինակեց Մեսսին, իսկ երկրորդը մեկ րոպե անց՝ 36-րդ րոպեին խփեց Նեյմարը:
Անցնենք գնահատականներին.
Կլաուդիո Բրավո - Դարպասապահն արդեն ավելի քան 630 րոպե գոլ չի ընդունել: Այսօր մի քանի դրվագում հիանալի ու հուսալի խաղ ցուցադրեց ու անառիկ պահեց իր դարպասը: Բրավոն ստանում է 8,5 միավոր:
Դանի Ալվես - Խենթ բրազիլացին դեռեւս չի վերգտնում իր խաղը: Այս խաղում նա այնքան էլ ակտիվ չէր և լուրջ գործողությամբ աչքի չընկավ: Ալվես՝ 7:
Բարտրա եւ Պիկե պաշտպանական զույգը, որն այս խաղում ցանկապատել էր դաշտի կենտրոնը, գերազանց հանդես եկավ: Արդեն իսկ պարզ երեւում է, որ Պիկեն վերադարձրել է իր մարզավիճակը: Պիկեն ստանում է 9, իսկ Բարտրան՝ 8 միավոր:
Ժերեմի Մատյո - Ֆրանսիացին, ում մենք 10 օրից կարող ենք տեսնել Հայաստանում, գերազանց է դրսեւորում իրեն: Նրան ուղղված ոչ մի քննադատություն լսել չեք կարող: Մատյո՝ 9:
Բուսկետս, Չավի, Ինյեստա կիսապաշպտանական եռյակը վատ չխաղաց: Իհարկե, Չավիի ներկայությունը խաղադաշտում անզեն աչքով էլ երեւում էր, իսկ Ինյեստան դեռ լավագույն մարզավիճակում չէ: Տրիոն ստանում է 7,5 գնահատականը:
Մունիր - Անկեղծ ասած՝ որոշել եմ նրա խաղը չմեկնաբանել: Մունիր՝ 6.5:
ՆեյՄեսսի զույգն իր «սև գործն» արեց: Ճիշտ է, այսօր Մեսսին շատ վրիպեց, բայց ամեն ինչ նորմալ է ընթանում: Դուետը ստանում է 8 միավոր:
Խաղադաշտում հայտնվեցին նաեւ Պեդրոն, Ռակիտիչն ու Սանդրոն, սակայն մեծ փոփոխություններ չկատարեցին:
Այսպիսով, «Բարսելոնան» շարունակում է վստահ շարժվել առաջ: 7 խաղից հետո վաստակած 19 միավորով, խփած 19, բաց չթողած եւ ոչ մի գնդակով կապտանռնագույնները միանձնյա գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Առաջիկա մրցակիցը Էյբարն է, որի հետ կխաղանք երկու շաբաթ անց, իսկ «Էլ-Կլասիկոն» սարերի ետեւում չէ:
Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com
|