Կատալոնական «Բարսելոնան» տանը «հյուրընկալել էր» «Գրանադային»: Լուիս Էնրիկեի տղաները սկսեցին ու ավարտեցին խաղը ֆանտաստիկ տրամադրությամբ ու եռանդով: Սկսած Բրավոյից՝ մինչև Մեսսի, բոլորը այսօր իրենց աշխատանքն ու պարտականությունները կատարեցին բարձր մակարդակով: Առաջնության հայտնություններից մեկի դեմ խաղալով՝ կապտանռնագույնները անընդհատ կիրառում էին պրեսինգ, փոխում գրոհի եզրերը, ճեղքում պաշտպանության կենտրոնն ու ամուր պահում սեփական պաշտպանությունը:
Այսօր փայլեցին գրեթե բոլորը: «Բարսայի» խաղում հստակ երևում էր ձեռագիր, ուղեղով մտածված խաղ, կազմակերպվածություն և սրություն գրոհներում: Հանդիպման առաջին գոլի հեղինակը դարձավ Նեյմարը՝26-րդ րոպեին օգտվելով մրցակցի պաշտպանների կոպիտ սխալից: Առաջին խաղակեսի ավարտից երկու րոպե առաջ Լեո Մեսսին որոշեց անցում կատարել և մտնել տուգանային հրապարակի աջ եզր, որտեղից էլ փոխանցեց գնդակը Ռակիտիչին, իսկ վերջինս գլխի գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Եւս երկու րոպե անցավ և Նեյմարն արդեն դուբլի հեղինակ դարձավ՝ 3-0 և թիմերը գնացին հանգստանալու:
Երկրորդ խաղակեսում Չավի-Ալվես-Մեսսի եռյակը ապշեցրեց իր գեղեցիկ կոմբինացիայով, որն էլ ավարտվեց արդեն Լեոյի գլխով գոլով՝ թվով 400-րդը «Բարսայի» կազմում:
Անցավ եւս չորս րոպե ու կրկին շքեղ գրոհ, Մեսսին փոխանցում է Նեյմարին, իսկ բրազիլացին հետ-թրիկ է ձեւակերպում: Սակայն Լեոն կարծում էր, որ հինգ գոլն այս խաղում քիչ է. հենց այդ պատճառով էլ արքան պրեսինգի ենթարկեց մրցակցին, խլեց գնդակն ու չներեց: Դուբլ ու Լեո Մեսսին վերջակետ է դնում:
Այսպիսով, «Բարսելոնան» վաստակում է 16 միավոր և գլխավորում մրցաշարային աղյուսակը: Լեո Մեսսին զարմացնում է իր գրանցած ցուցանիշներով՝ 5 գոլ և 6 գոլային փոխանցում, իսկ Նեյմարն այս տարի հիանալի արդյունավետությամբ է սկսում: Անցնենք ֆուտբոլիստների գնահատականներին.
Կլաուդիո Բրավո - Բրավոյի բախտը շարունակում է բերել: Մրցակցի հարվածները հիմնականում շեղ են, կամ ետ են մղվում դարպասաձողից: Ամեն դեպքում, չիլիացին շարունակում է անառիկ պահել սեփական դարպասը: Բրավոն ստանում է 7 միավոր:
Ադրիանո - Լուիս Էնրիկեն այսօր խաղաժամանակ տվեց Ադրիանոյին, որը վատ հանդիպում չանցկացրեց: Բրազիլացի եզրայինը կարողացավ պահել իր դիրքն ու մասնակցել նաև գրոհների: Ադրիանոն ստանում է 8 գնահատականը:
Ժերեմի Մաթյո - «Գրանադայի» դեմ հանդիպումը լավագույնն էր Մաթյոյի համար՝ իր բարսելոնյան կարիերայում: Ամեն ինչ արեց, ամեն ինչ հասցրեց: Մաթյո՝ 9:
Խավյեր Մասկերանո - Մասկեն նույնպես լավ հանդիպում անցկացրեց: Պաշտպանության կենտրոնն այս խաղում հուսալի վիճակում էր: Արգենտինացին ստանում է 8,5 միավոր:
Դանիել Ալվես - Մեր մյուս բրազիլացի եզրայինի մոտ այսօր ավելի լավ խաղ ստացվեց: Եզրային փոխանցումներն ավելի սուր էին, փոխանցումներն ավելի ճշգրիտ ու հնարամիտ: Դանի՝ 8.5:
Իվան Ռակիտիչ - Սիրեցին նրան Բարսելոնայում, սիրեցին նրան «Նոու Կամպում», սիրեցին նրան ակումբում: Ամեն ինչում «մեղավոր» է հենց ինքը՝ Իվանը: Հիանալի խաղեր մեկը մյուսի հետեւից, անսահման նվիրվածություն ու հուսալի համագործակցություն մյուս խաղընկերների հետ: Այսօր Ռակիտիչին նաև հանգստանալու հնարավորություն տրվեց: Ռակին ստանում է 8 միավոր:
Բուսկետսի մասին խոսել այնքան էլ պետք չէ: Նա իր գործը կատարում է բարձր մակարդակով, լուռ ու հանդարտ: Բուսին ստանում է 8 գնահատականը:
ՉԱՎԻ - Օ՜, Մաեստրոյի խաղը կարոտել էինք: Նա հիանալի օգտագործեց իրեն վստահված խաղաժամանակը: Մենք խաղադաշտում երբեմնի Չավիին էինք տեսնում: Կրկին դիրիժորի փայտը վերցրել էր իր ձեռքին ու արարում էր... 9 միավոր:
Նեյմար և Մեսսի - Նրանց մասին այս խաղից հետո խոսելն անիմաստ է: Նեյմար՝ 10, Մեսսի՝ 10:
Մունի՞ր - անկեղծ ասած՝ խոսելն անիմաստ է: 6 միավոր:
Ստորեւ կարող եք դիտել հանդիպման բոլոր գոլերը:
Բաղնիքդ անու՛շ, «Գրանադա՜» ...:
Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com
|