Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվել էր «Մալագային»: Բավականին չոր խոտածածկով «Լա Ռոսալեդա» մարզադաշտ դուրս եկած կապտանռնագույններն առաջին խաղակեսում ոչ մի հետաքրքիր ու արդյունավետ գործողությամբ աչքի չընկան: 45 րոպեներն անցան անհետաքրքիր, պասիվ ու չդիտվող խաղի ուղեկցությամբ:
Երկրորդ խաղակեսում պատկերը գրեթե չփոխվեց: Ավելին, «Մալագայի» ֆուտբոլիստները ավելի վտանգավոր ու եռանդով էին գործում: Այնուամենայնիվ, այս ձանձրալի ու անհետաքրքիր, անփույթ ու աննպատակ խաղը ընդգծվեծ հենց հոգնածության ֆոնի վրա:
Այնուամենայնիվ, Բարսելոնան շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: 13 միավոր է վաստակել նաև Սևիլյան:
Կլաուդիո Բրավո - Չիլիացի դարպասապահը կրկին վստահ հանդիպում անցկացրեց և իր դարպասն անառիկ է պահում արդեն ավելի քան 450 րոպե: Ճիշտ է, Վալդեսի ռեկորդին հասնելու համար դեռ ևս 5 խաղ պետք է անառիկ պահել դարպասը, բայց Բրավոյի համար դա կարող է խնդիր չլինել: Բրավոն հասցրեց մեկ անգամ էլ դարպասափողի օգնությամբ փրկել թիմին գոլից: Այսօր նա ստանում է 7,5 գնահատականը:
Ժորդի Ալբա - Այսօր, զարմանալիորեն, Ժորդի Ալբան պասիվ էր գործում: Ի տարբերություն մնացած հանդիպումների` «Մալագայի» դեմ խաղում մեր հարձակման ձախ եզրը պասիվ գործեց: Ամեն դեպքում, պաշտպանությունը գրագետ գործեց, ուստի Ալբան ստանում է 7գնահատականը:
Պիկե, Բարտրա - Մեր կենտրոնականները հաջող գործեցին: Իհարկե, մրցակցի գրոհներում սրություն չկար, եթե իհարկե գրոհներ եղան: Բարտրան նաև հասցրեց գլխով հարված կատարել անկյունայինից հետո, սակայն հարվածը շեղ ընթացավ: Պաշտպանության կենտրոնը կազմող զույգը ստանում է 7 միավոր:
Դուգլաս - Իր դեբյուտը նշող բրազիլացին վատ տպավորություն չթողեց: Ակնհայտ էր, որ նա չի համարձակվում խաղալ այնպես, ինչպես Դանի Ալվեսը, սակայն պաշտպանական գործողությունները հիմնականում լավ կատարեց: Դուգլաս` 7:
Բուսկետս - Բուսին կայունությունը պահպանում է: Նա կրկին հենակետային գոտին ամուր պահել էր և բացթողումներ հիմնականում չէր ունենում: Սերխիոն վաստակում է 7 միավոր:
Ռակիտիչ - Այս խաղում ամենաշատ աշխատողներից մեկը, եթե ոչ ամենաշատ աշխատողը, Ռակիտիչն էր: Իվանը հասցնում էր հարձակվել, վերադառնալ, օգնել պաշտպաններին: Իսկական կիսապաշտպանին վայել աշխատանք կատարեց, չնայած որ թերություններ կային: Ռակիտիչը ստանում է 7,5 գնահատականը:
Ինյեստա - Դոնը իրեն նման չէ: Ցավալի է, բայց Ինյեստան դեռևս չի վերգտել իր երբեմնի խաղը: Այնուամենայնիվ, Ինին փորձում էր անել հնարավորինը: Ինյեստա` 6,5:
Պեդրո, Նեյմար - Հարձակվողական զույգը ոչնչով աչքի չընկավ և նույնիսկ ասելու բան չկա: Նրանք ստանում են 6 գնահատականը:
Մեսսի - Լեո Մեսսի՞: Չէ՛, չեմ տեսել: Մեսսի` 6:
Մունիրը, Սանդրոն և Ադրիանոն նույպես հայտնվեցին խաղադաշտում, սակայն որևէ բան դրանից չփոխվեց: Նրանք նույնպես ստանում են 6 միավոր:
Էնրիկեին կարելի է քննադատական խոսքեր ուղղել` կապված թիմի անձեռագիր խաղի հետ, սակայն, կարծում եմ, դեռ ժամանակ է պետք: Ամենևին պետք չէ կենտրոնանալ այս հանդիպման վրա, քանի որ թիմը ծանր գրաֆիկ ունի և երեք օրը մեկ հանդիպում անցկացնելն այնքան էլ հեշտ չէ: Մնում է միայն ավելացնել` Visca Barca y Visca Catalunya:
Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com
|