Չեմպիոնների լիգայի 2014/15 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը սովորական ժամկետից ավելի ուշ տեղափոխելու պատճառով կատալոնական «Բարսելոնան» կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել։ Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի եզրափակիչ դուրս գալու դեպքում կատալոնացիները կարող է մնան առանց իրենց աստղային հարձակման գծի։
Խնդիրը նրանում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին Բերլինում, իսկ Ամերիկայի գավաթի 2015 թվականի առաջնությունը մեկնարկում է հունիսի 11-ին։ Միաժամանակ, մրցաշարին պատրաստվելու համար լատինամերիկյան երկրների թիմերի բոլոր ֆուտբոլիստներին պարտադրվել է մինչև մայիսի 28-ը ժամանել հավաքականների ճամբար։
Նման պարագայում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից Լիոնել Մեսսին, Խավիեր Մասկերանոն, Նեյմարը, Դանիել Ալվեսը և Կլաուդիո Բրավոն կարող են չմասնակցել ՉԼ-ի հանդիպմանը։ Նրանց կարող է միանալ նաև Լուիս Սուարեսը, եթե Սպորտային արբիտրաժային դատարանին ներկայացված ՖԻՖԱ-ի որոշման դեմ բողոքը բավարարվի նաև Ուրուգվայի ազգային հավաքականի խաղերին մասնակցելու որակազրկումը կրճատելու մասով և նա իրավունք ստանա խաղալ «սելեստեի» կազմում։
Նշվում է, որ եվրոպական ֆուտբոլի մյուս ակումբներն էլ են անհանգստացած օրացույցային այդ փոփոխությունից, սակայն ամենամեծ տուժողը կարող է հենց «Բարսելոնան» դառնալ։
Հավելենք, որ «կապտանռնագույնների» վերը նշված ֆուտբոլիստները կարող են չմասնակցել նաև Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղին, որը նշանակված է մայիսի 30-ին։
|