Ոչ այնքան լավ անցկացրած մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կատարեց իր խոստումը: Նախ, առավոտյան հայտնի դարձավ, որ թիմը երկարաձգել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի ժամկետը:
Այս լուրից հետո կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտարարեց, որ թիմը գլխավորել է «Սելտայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Ըստ աղբյուրի` իսպանացի մասնագետը չորեքշաբթի օրը երկամյա պայմանագիր կկնքի թիմի հետ:
Գլխավոր մարզչի հարցն էլ լուծվեց ...
Ամեն ինչ այսքանով չավարտվեց: Պաշտոնական հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ թիմը համալրում է գերմանացի երիտասարդ դարպասապահ Անդրե Տեր Շտեգենը: Հաղորդվեց նաև, որ թիմը լքում է զավեշտային պատմություններով լի կարիերա ունեցող դարպասապահ Խոսե Մանուել Պինտուն:
Երիտասարդ ֆուտբոլիստների հարցն էլ լուծվեց ...
Թիմ վերադարձան Ռաֆայել Ալկանտարան («Սելտա») և Ժերար Դեուլոֆեուն («Էվերթոն»): Վերջիններս վարձավճարով հանդես էին գալիս այլ ակումբներում:
Այժմ թիմը պետք է մտածի նոր պաշտպաններ ձեռք բերելու մասին ...
|