Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում պարտվելուց հետո հայացքը թեքել է ներքին առաջնության վրա: Արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, ում անունն անընդատ շոշափվում է որպես թիմից հեռացող մասնագետ, ցանկանում է հաջողության հասնել գոնե Իսպանիայի առաջնության և Գավաթի խաղերում:
Իսպանիայի առաջնությունում նույնպես խառնաշփոթ է: Արդեն ահ ու սարսափ դարձած Մադրիդի «Ատլետիկոն» ոչ միայն միավորներ է խլում առաջնության երկու ֆավորիտներից, այլ նաև կարողանում է պայքարից դուրս թողել «Բարսելոնային»:
Ըստ AS-ի` կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը միայն կես մրցաշրջան ժամանակ ունի: Աղբյուրը նշում է, որ թիմը նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Սա ևս մեկ դրդապատճառ կարող է դառնալ Մարտինոյի համար, որպեսզի վերջինս փորձի ամեն ինչ անել Իսպանիայի առաջնության չեմպիոն դառնալու համար:
Որպես մարզիչ նա այդքան էլ չի համապատասխանում թիմին: Ահա այսպիսի պատասխան է տվել լրագրողին արգենտինացի մասնագետը ՉԼ-ում պարտություն կրելուց հետո.
-Ես ոչինչ չբացատրեցի Ինիեստային և կարծում եմ, որ նա դրա կարիքը չունի: Մենք պարզապես 1 հարձակվողի կարիք ունեինք: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Մեսսին այդ խաղում 6,8 կմ է վազել, ապա ինձ համար կարևոր չէ Մեսսին 5, 6, թե 15 կմ է վազում:
Մեզ պետք է, որպեսզի նա փոխանցումներ ստանա: Ատլետիկոյի դեմ խաղում նա գոլ խփելու մի քանի հնարավորություններ ուներ: Պարզապես նա չկարողացավ օգտվել դրանցից: Շատ դժվար է լինել Մեսսի: Նրա հետ անարդարացի են վարվում»:
Այնպիսի տպավորություն է, որ նա թիմի ղեկին նստած ոչինչ չի անում, կարծելով, որ նրա փոխարեն ֆուտբոլիստները կանեն այն, ինչը նրանց սովորեցրել է իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան:
Երեկ էլ պարզ դարձավ, որ «Բարսելոնան» առաջիկա հանդիպմանը պատրաստվում է հայտարարել միայն մեկ կենտրոնական պաշտպանի:
Ինչ վերաբերում է ՖԻՖԱ-ի պատժին, ապա «Բարսելոնան» պաշտոնապես բողոքարկել է ՖԻՖԱ-ի որոշումը՝ համաձայն որի, կատալոնական ակումբին արգելվել է տրանսֆերային գործարքներ իրականացնել մինչեւ 2015թ.-ի ամառը:
Երեկ՝ ապրիլի 10-ին, «Բարսելոնայի» կողմից ՖԻՖԱ-ին է ուղարկվել ավելի քան հարյուր թերթ պարունակող փաստաթուղթը:
Մարկ Բարտրայի վնասվածքի պատճառով կատալոնական ակումբը հայտավորել է միայն մեկ կենտրոնական պաշտպանի՝ Խավիեր Մասկերանոյին։
Հայտավորված ֆուտբոլիստները` Պինտո, Օյեր, Մոնտոյա, Ալվես, Ադրիանո, Ալբա, Մասկերանո, Սոնգ, Բուսկետս, Սերխի Ռոբերտո, Չավի, Ինյեստա, Ֆաբրեգաս, Տելյո, Մեսի, Սանչես, Նեյմար, Պեդրո։
Ինչևիցէ, սպասենք մինչ 22:00-ը և կտեսնենք, թե ինչ մարտավարությամբ է խաղալու Խերարդո Մարտինոյի գլխավորած «Բարսելոնան»:
|