«Լևանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասը, հավանական է, հաջորդ մրցաշրջանից հանդես գա «Բարսելոնայում, տեղեկացնում է «Esport3»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնացիներն արդեն փոխարինող են փնտրում թիմի երկու առանցքային դարպասապահներ Վիկտոր Վալդեսի և Խոսե Պինտոյի համար, որոնց պայմանագրերի ժամկետները լրանում են առաջիկա ամռանը։ Վալդեսն, ով ներկայումս ապաքինվում է վնասվածքից, արդեն հայտարարել է թիմից հեռանալու ցանկության մասին։
Վալենսիական ակումբն, իր հերթին, իր 27-ամյա դարպասապահին մտադիր է բաց թողնել ոչ պակաս, քան 10 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Նավասը «Լևանտեյի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, բաց թողել 37 գոլ, իսկ 14 խաղում անառիկ է պահել սեփական դարպասը։
Հատկանշական է, որ նրա տեղափոխությունը Կատալոնիա կարող է և չկայանալ, եթե «Բարսելոնային» չհաջողվի չեղյալ համարել ՖԻՖԱ-ի՝ ակումբի նկատմամբ սահմանած արգելանքը՝ առաջիկա տրանսֆերային երկու պատուհանների ժամանակ ֆուտբոլիստներ ձեռք բերելու առումով։
|