«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հերթական անգամ ապացուցեց, որ ամեն ինչ անում է մարտավարական ճկունության համար:
«Վալյեկանոյի» դեմ խաղում «Բարսելոնայի» ընտրած մարտավարության որոշ փոփոխված տարրեր նպաստեցին թիմի մարտավարական ճկունության զարգացման գործին.
Նախ, նկատենք, որ դասական 4-3-3-ը հաճախ վերափոխվում էր 4-4-2-ի: Սակայն, եթե ընդունենք, որ «Բարսան» խաղում է 4-4-2 ձևաչափով, ապա պիտի փաստենք, որ աշխարհի և ոչ մի թիմի 4-4-2 նման չի լինի «կապտանռնագույնների» 4-4-2-ին:
Անցնենք «մարտավարական ճկունություն» եզրույթին. Թիմը խաղադաշտ է դուրս գալիս հստակ մարտավարությամբ, որը խաղի ընթացքում վերածվում է արմատական փոփոխությունների: Նշեմ, որ համաշխարհային ֆուտբոլում մարտավարական ճկունությունը կիրառելիս ամենաքիչը ձևափոխվում է պաշտպանական գիծը, իսկ կիսապաշտպանականն ու հարձակմանը հավասարապես ենթարկվում ենք փոփոխությունների: Ավելի շատ հանդիպում է 4-3-3-ից անցումը 4-4-2-ին կամ 4-5-1-ին: Նկատենք, որ ընդամենը մեկ ֆուտբոլիստի փոփոխությունը, կարող է ձևափոխել մարտավարությունը. օրինակ՝ հարձակվողի փոխարեն կիսապաշտպան և 4-3-3-ը կվերածվի 4-4-2-ի: Սակայն Մարտինոն շեշտը դնում է դիրքային փոփոխությունների վրա:
«Բարսելոնայի» մարտավարությանը հայացք գցելով տեսնում ենք, որ թիմը սկսեց 4-3-3 ձևաչափով և ավարտեց 4-4-2-ով, սակայն խաղի ընթացքում տեսանք 4-1-3-2 և 4-1-2-3 մարտավարական սխեմաները: Ընդգծված հենակետային Սոնգի առջև հիմնականում գործում էր Ֆաբրեգասը, ում դիրքն իսկական նորամուծություն է Մարտինոյի կողմից, քանի որ մինչ այս «Բարսելոնայի» կիսապաշտպանական գիծը կազմված էր մեկ հենակետայինից և երկու եզրայիններից, սակայն մարզիչը «հորինեց» Ֆաբրեգասի գիծը, որը բավականին առաջ է հենակետային գոտուց: Առավել հետաքրքիր անցան վերջին տասը րոպեները, երբ Նեյմարի փոխարեն խաղադաշտ մտավ Տելյոն, իսկ մինչ այդ Պեդրոյին փոխարինել էր Ինյեստան. թիմը խաղաց Մեսսի-Տելյո հարձակվողական դուբլով, որը Մարտինոյի փոքրիկ «մարտավարական հեղափոխության» հերթական ապացույցն էր:
Արման Առաքելյան
|