Ֆաբրեգասն ու Սոնգը` «Մանչեսթեր Յունայթեդի» ձմեռային նպատակներ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ձմեռային տրանսֆերային
պատուհանի ժամանակ մտադիր է լուծել թիմի կիսապաշտպանական գծում առկա
ճգնաժամը:
Հիշեցնենք, որ ամռանը մանկունյանցիները պաշտոնական
առաջարկներ էին կատարել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի, ինչպես
նաև Դանիելե դե Ռոսսիի, Անդեր Էրրերայի ու Մարուան Ֆելայնիի տրանսֆերների
համար, սակայն հաջողվել էր գնել միայն վերջինիս:
Daily Express ու
Daily Star բրիտանական պարբերականներն այժմ պնդում են, որ Անգլիայի գործող
չեմպիոնը ձմռանը նորից ակտիվանալու է տրանսֆերային շուկայում:
Մասնավորապես, «Յունայթեդը» փորձելու է ձեռք բերել Էրրերային, ինչպես նաև
նշանառության տակ է առել «Բարսայի» հենակետային կիսապաշտպան Ալեքս Սոնգին,
ով մինչ կատալոնական ակումբ տեղափոխվելն իրեն հաջողությամբ է դրսևորել
անգլիական ակումբներից մյուսում` «Արսենալում»:
Մանկունյանցիները
չեն մոռացել նաև Ֆաբրեգասի մասին, ում համար ամռանը պաշտոնական մի քանի
առաջարկներ կատարեցին, բայց ապարդյուն: The Telegraph-ի հաղորդմամբ` նրանք
շարունակում են ուշադրությամբ հետևել Սեսկի ելույթներին «Բարսելոնայի»
կազմում: Եթե նա պարտվի «Բարսայի» մեկնարկային կազմում հայտնվելու համար
մրցակցությունում, ապա անգլիական ակումբն անպայման կփորձի օգտվել դրանից: