«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի
խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքները, ըստ որի`
կատալոնական ակումբի մրցակիցները լինելու են «Միլանը», «Այաքսն» ու
«Սելթիկը»: Վերջինս, հիշեցնենք, նախորդ մրցաշրջանում սեփական հարկի տակ
հաղթեց «Բարսային» 2-1 հաշվով:
-«Սելթիկի» դեմ շատ դժվար է խաղալ,
խաղադաշտում նրանք կարծես զինվորներ լինեն: Նախորդ տարի մենք հանդիպեցինք
Գլազգոյում, ու, պետք է ասել, մենք բախտավոր ենք, որ այդ խաղը ոչինչ չէր
որոշում: Կարծում եմ` մեր դիմակայության նոր սերիայում վրեժխնդրության
համար տեղ կգտնվի:
Ես կասկած չունեմ, թե մեր խմբից որ թիմերն են
դուրս գալու հաջորդ փուլ: Այնտեղ կհայտնվենք մենք ու «Միլանը», քանի որ մեր
թիմերը որակական առումով գերազանցում են «Սելթիկին» ու «Այաքսին»: Ինչ
վերաբերում է հոլանդացիներին, ապա նրանք մեծ պատասխանատվությամբ կմոտենան
եվրոգավաթային հանդիպումներին, քանի որ ունեն Եվրոպա լիգա դուրս գալու
հնարավորություն,- ասել է Ալվեսը:
Չեմպիոնների լիգայի նոր
խաղարկությունում «Բարսելոնայի» առաջին մրցակիցը լինելու է «Այաքսը», որի
հետ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 18-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում:
|