Անդերսոն Լուիս դե Սոուզան երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:
Դեկուն խաղակոշիկները մեխից կախում է 17 տարվա պրոֆեսիոնալ կարիերայից ու նվաճած բազմաթիվ տիտղոսներից հետո: Խաղացողը, ով ծնվել է Բրազիլիայում և ունի պորտուգալական անձնագիր, չորս մրցաշրջան է անցկացրել «Բարսելոնայի» կազմում ու այդ ընթացքում երկուական անգամ հաղթել է Լա Լիգան ու Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև մեկ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ ու խաղընկերներ Ռոնալդինյոյի և Սամուել Էտո’օ-ի հետ մեկտեղ, Դեկուն կատալոնական ակումբի այդ տարիների առաջատարներից մեկն էր, ով ուներ հաղթողի հոգեբանություն:
Դեկուն «Բարսելոնայի» հետ պայմանագիր է ստորագել 2004 թվականի ամռանն այն բանից հետո, երբ ճանաչվեց Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Խաղացողը «Բարսայի» կազմում անցկացրել է 124 հանդիպում ու դարձել 35 գոլի հեղինակ: Նաև ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` 2006 թվականի փարիզյան եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:
2008 թվականի ամռանը նա լքեց «կապտանռնագույնների» շարքերը, որպեսզի տեղափոխվի «Չելսի»: Լոնդոնում նա անցկացրեց երկու մրցաշրջան, որի ընթացքում մեկական անգամ հաղթեց Պրեմիեր լիգան ու Անգլիայի Սուպերգավաթը, երկու անգամ` Անգլիայի գավաթը:
Դեկուն Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում` իր հաշվին գրանցելով 5 գնդակ: 2010 թվականին նա վերադարձավ Բրազիլիա, որտեղ ավարտեց իր` 17-ամյա գործունեությունը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակում: