Չեմպիոնների լիգայի 2012/13 մրաշրջանի խաղարկության կիսաեզրափակիչը գրավիչ պայքար է խոստանում իսպանական Բարսելոնայի և գերմանական Բավարիայի միջև:
Առաջին հանդիպումն ապրիլի 23-ին կկայանա Ալիանց Արենայում, իսկ պատասխան խաղում թիմերը կմրցեն մայիսի մեկին` Նոու Կամպում:
Առաջին հանդիպումը տեղին քարտերի պատճառով բաց կթողնի Մանջուկիչը, իսկ Բարսելոնային չի կարողանա օգնել Ադրիանոն, որը ՊՍԺ-ի դեմ խաղում ոչ միայն դեղին քարտ էր ստացել, այլ նաև վնասվածք:
Վնասվածքները Բավարիայի կազմում կարող են խանգարել Տոնի Կրոսին և Բադշտուբերին, իսկ Վիլանովայի թիմում վնասվածքներ ունեն Պույոլն ու Մասկերանոն:
Չեմպիոնների լիգայի շրջանակներում այս թիմերը հանդիպել են միայն 2009 թվականին: Քառորդ եզրափակիչ առաջին խաղում Գվարդիոլայի սաները գործնականում վճռեցին դիմակայության ելքը` հաղթելով 4-0 հաշվով: Երկու գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, մեկական անգամ աչքի ընկան Թիերի Անրիոն ու Սամուել Էտո'օ-ն, իսկ պատասխան խաղում գրանցվեց 1-1 հաշիվը:
Թիմերը հանդիպել են նաև 1996 թվականին, Ուեֆա-ի գավաթի խաղարկությունում: Մյունխենում կայացած կիսաեզրափակիչ առաջին խաղում գրանցվեց 2-2 հաշիվը, սակայն Նոու Կամպում կայացած պատասխան խաղում գերմանացիները հաղթեցին 1-2 հաշվով, իսկ հետագայում դարձան մրցաշարի հաղթողը: