AllSport-ը ներկայացնում է Անդրես Ինյեստայի` El Mundo-ին տված հարցազրույցն ամբողջությամբ թարգմանաբար:
-Ասում են, որ Մեսսին գոլեր է խփում, բայց Ինյեստան է «Բարսելոնան» «Բարսելոնա» դարձնում: Դուք համաձա՞յն եք:
-Կարծում եմ, որ թիմը հանճարեղ կարելի է
համարել այն դեպքում, երբ թիմի բոլոր անդամները իրենց հնարավորությունների
առավելագույն սահմանում են աշխատում: «Բարսան» ուժեղ է` Լեոյին թիմում
ունենալով ու հակառակը: Ֆուտբոլը անհատական մարզաձև չէ, այն թիմային խաղ է:
Ես լավ եմ խաղում, երբ Մեսսին հետս է, նա էլ լավ խաղ է ցույց տալիս, երբ
ես եմ դաշտում:
-Մեսսին ասել է, որ դուք ևս լիովին արժանի էիք «Ոսկե գնդակին»…
-Դե…(ծիծաղում է): Հաճելի է լսել դա
Մեսսիից, ում բավական երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ: Չնայած այն բանին,
որ նույն հարթակին էինք կանգնել, ես մեկ վայրկյան անգամ նրա մասին որպես
մրցակից չեմ մտածել: Նա նախկինի պես իմ թիմակիցն է: Ես ուրախ էի, որ
մրցանակը նրան բաժին հասավ:
-Անցյալ տարի դարձաք Եվրոպայի
լավագույն ֆուտբոլիստը, իսկ 2011/12 մրցաշրջանում' լավագույնն էիք ՈՒԵՖԱ-ի
ցուցակում: Այդ երկուսից ո՞ր պահն ամենաշատը մնաց ձեր հիշողության մեջ:
-Երևի Եվրո 2012-ինը, քանի որ մրցաշարը
շատկարևոր էր թիմի համար: Որևէ թիմ դեռ մեր գրանցած հաջողությանը չի հասել:
Ինձ համար սակայն ավելի արժեքավոր է խաղից հաճույք ստանալը, ամեն օր ավելի
կատարելագործվելն ու երջանիկ զգալը:
-2012-ը հեշտ տարի չէր ձեզ համար:
Պեպ Գվարդիոլան հեռացավ, Էիկ Աբիդալը լուրջ խնդիրներ ունեցավ առողջության
հետ կապված և վերջապես Տիտո Վիլանովայի առողջության վատացումը: Այս ամենն
ի՞նչպես ազդեց թիմի վրա:
-Ինչ վերաբերում է Գվարդիոլայի
հեռանալուն, նման բաներ պատահում են: Ակումբի հետ նրանք համաձայնության
եկան, ինչը նորմալ երևույթ է բոլոր թիմերում: Մյուսների խնդիրների հետ բարդ
էր համակերպվել: Նման իրավիճակներն ապրելը շատ բարդ է հատկապես նրանց ու
իրենց ընտանիքների համար: Աշխատում էինք նրանց հետ լինել, աջակցել, որ արագ
ապաքինվեն ու թիմ վերադառնան:
-Կարո՞ղ եք ձեզ այլ թիմի մարզաշապիկով պատկերացնել:
-Միշտ ասել եմ, որ երազում եմ կարիերաս
այն ակումբում ավարտել, որտեղ դեռ 12 տարեկանից եմ գտնվում, ակումբում, որն
ամեն ինչ է ինձ համար: Ակնհայտ է, որ այլ ակումբի մասին չեմ մտածում, չէ
որ հնարավորություններիս սահմանում լավագույն տեղում եմ գտնվում: Ապագան
կախված կլինի իմ խաղամակարդակից: Կկանգնեմ այն դեպքում, երբ զգամ, որ
100%-ով չեմ տրվում թիմին:
-Հիմա դուք երիտասարդ ֆուտբոլիստների կուռքն եք: Դեռահասության շրջանում դուք ո՞ւմ էիք ցանկանում նմանվել:
-Երբ փոքր էի, ուշադրությամբ հետևում էի
Պեպ Գվարդիոլայի ու Միքայել Լաուդրուպի խաղին: Հենց նրանց էի ամենաշատն
ուզում նմանվել, դաշտում փորձում էի նմանակել նրանց գործողությունները:
Ժամանակ անցավ, ու երեխաներն այսօր ինձ են հետևում: Դա նշանակում է, որ
ամեն ինչ ճիշտ ես անում: Աղբյուրը` AllSport
|