Հայաստանի հավաքականի մասին տեղեկություններ իմանալու համար Իտալիայի ամենահայտնի սպորտային պարբերականը` Gazzetta dello Sport-ը, կապվել է Կրասնոդարի «Կուբանի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի հետ: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Հայաստանն անհայտ է մեզ համար: Ի՞նչ գիտենք հայերի մասին բացի նրանից, որ բոլոր ազգանունները վերջանում են «յանով»: Ի՞նչ է մեզ ուրբաթ օրը սպասվում Երևանում: Այդ մասին մենք հարցրեցինք Մարկոս Պինեյրո Պիզելլիին, Հայաստանի հավաքականի և ռուսական «Կուբանի» իտալական ծագումով բրազիլացուն: Պետք չէ զարմանալ, ֆուտբոլում շատ են նատուրալիզացված բրազիլացիները: Օրինակ Ֆաբիոս դոս Սանթոսը Ֆան վան Սանթոս անունով հանդես է գալիս Վիետնամի հավաքականում: Պիզելլին ծնվել է Պիրակիկաբիա քաղաքում: Դա Ժոզե Ալտաֆինիիի և «Նապոլիի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Անդրե Կրուզի քաղաքն է: Իսկ մեծացել է Ռիբերաո Պրետոյում՝ Սոկրատեսի քաղաքում: Նա որակազրկված է և բաց կթողնի Իտալիայի դեմ խաղը: Պիզելլին հիասթափված է այդ պատճառով. «Սոֆիայում հեռացվեցի խաղադաշտից: 2008 թվականից Հայաստանի հավաքականում հանդես գալուց հետո ոչ մի խաղ բաց չէի թողել (19 խաղ, 7 գոլ) և ափսոսում եմ, որ չեմ մասնակցի կապույտների հետ խաղին»:
Պիզելլի, ի՞նչ է սպասվում Իտալիայի հավաքականին Երևանում: «Դուք կտեսնեք լեփ-լեցում մարզադաշտ և թեժ մթնոլորտ: Երկու տարի առաջ Հայաստանի հավաքականը թարմացվել է, սկսվել է նոր նախագիծ: Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մենք լավ խաղացինք (երրորդ տեղը խմբում) և լավ ակնկալիքներ ունենք Աշխարհի առաջնությունից: Մենք սոլիդ թիմ ունենք»:
Խաղային համակա՞րգը «Մենք օգտագործում ենք 4-4-2-ը: Մենք ունենք երիտասարդ մարզիչ՝ Վարդան Մինասյանը (38 տարեկան), որը սիրում է «Բարսելոնայի» խաղը: Նա ցանկանում է, որը գնդակը լինի ներքևում և գնդակի կորուստներ չլինեն: Մենք շատ ենք վազում, մեծ արագությամբ անցնում ենք պաշտպանությունից հարձակման, բայց ձեր բախտը բերել է»:
Ինչու՞ «Ես և Ղազարյանը որակազրկված ենք (Սոֆիայում Ղազարյանը չտիրապետեց իրեն և գնդակով հարվածեց մատակարարող երեխային): Ձախ պաշտպան Լևոն Հայրապետյանը բացակայում է լուրջ վնասվածքի պատճառով: Մեր պատմական ավագ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ է տվել ֆուտբոլին: Ամենալավ ժամանակում չենք հանդիպում, բայց Հայաստանը կպայքարի: Հայաստանը կարող է անակնկալ մատուցել աշխարհին: Իմ կանխատեսումն է 2-1 մեր օգտին»:
Ձեր լավագույն ֆուտբոլիստնե՞րը: «Մխիթարյանին գիտեք: Նրան գործի մեջ տեսել եք «Շախտյորի» կազմում, երբ Չեմպիոնների լիգայում խաղում էր «Յուվենտուսի» դեմ: Կարծում եմ, որ նա նման է Կակային. նա ֆանտաստիկ առաջընթաց է գրանցել և շատ գեղեցիկ է խաղում և շատ վտանգավոր է հարձակման գծում: Զգուշացեք նաև Յուրա Մովսիսյանից. նա հուժկու հարվածներ ունի, գիտի, թե ինչպես եզրափակել գրոհները: Նա ինչ-որ չափով նման է Ռոնալդոյին:
Կրիշտիանուի՞ն: «Ոչ, Կրիշտիանուին չէ: Ես նկատի ունեմ Ֆենոմենոյին, որը Իտալիայում խաղացել է «Ինտերում» և «Միլանում»:
Իտալիայից ու՞մ կնշեք: «Պիրլո ունենալու համար բոլորը նախանձում են ձեզ: Բայց իտալացի ֆուտբոլիստի լավագույն կերպարն ինձ համար Ռոբի Բաջիոն է»:
Եթե մի օր հանդիպեք Բրազիլայի հավաքականին, օրինակ Աշխարհի առաջնությունում, ո՞ր օրհներգը կերգեք: «Հայաստանինը, որն անգիր գիտեմ: Ես լավ խոսում եմ հայերեն: Երախտապարտ եմ այս երկրին և ժողովրդին: Շատ եմ սիրում հայերին և նրանցից մեկն եմ»: