Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Այսօր պետք է սովորական ֆուտբոլային հանդիպում լինի, իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է Կատալոնիայի և Իսպանիայի հարցերը քննարկել, ապա մարզադաշտը հարմար վայր չէ։ Սպորտը միշտ գտնվում է քաղաքականությունից դուրս։ Իհարկե, մեր երկրպագուները կարող են Կատալոնիայի դրոշները մարզադաշտ բերել։ Դա բնական է, որովհետև այլ նահանգների ֆուտբոլային հանդիպումներում նույնպես նման կերպ են վարվում։
«Ռեալի» և «Բարսելոնայի» հանդիպումներում երբեք չկա ֆավորիտ՝ անկախ մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքերից։ Մեզ այս անգամ հաջողվեց շատ լավ մեկնարկել, սակայն առջևում բազմաթիվ տուրեր և բարդ հանդիպումներ են սպասվում:
Պիկեն մի քանի օր ընդմիջումից հետո մարզվեց: Խաղի օրը կտեսնենք, թե ինչ վիճակում է և որքանով է վերականգնվել»,- հայտարարել է Վիլանովան:
Հիշեցնենք, որ «Էլ Կլասսիկոն» կկայանա Երևանի ժամանակով 21։50-ին։