Սուբիսարետան խոսել է Մեսսիի, իսկ Բարտումեուն` Բոյանի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան ժխտել է արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիի պայմանագիրը երկարաձգելու մասին տեղեկությունները:
«Այս պահին մենք Մեսսիի հետ բանակցություններ չենք վարում պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Երբ մենք սկսենք բանակցել, այդ հանդիպումները հրապարակավ չեն լինի», – նշել է Սուբիսարետան:
Մամլո ասուլիսին մասնակցել է նաև թիմի փոխնախագահ Խոսեպ Բարտոմեուն, ով ասել է, որ «Միլանն» իրավունք ունի ձեռք բերել Բոյան Կրկիչին 2012/13 մրցաշրջանի ավարտից հետո: Վերջինս ներկայում վարձավճարով հանդես է գալիս միլանյան թիմում:
««Բարսելոնան» 12 մլն եվրոյով Բոյանին վաճառել է «Ռոմային»: Մեր համաձայնությունը հռոմեացիների հետ լրանում է մեկ տարի անց, և պետք է 13 մլն եվրո վճարենք Բոյանին ձեռք բերելու համար:
«Ռոման» որոշել է վարձավճարով խաղացողին ուղարկել «Միլան», որը ցանկություն է հայտնել Բոյան Կրկիչի պայմանագրի մեջ ներառել նաև հարձակվողին ձեռք բերելու կետը:
Այդ կետն իրոք առկա է, բայց «Բարսելոնան» կարող է արգելափակել տրանսֆերը: Մենք չենք կարող ավելի կոնկրետ տեղեկություն տալ: «Միլանը» խնդրել է պահել գաղտնիությունը», – եզրափակել է Բարտումեուն: