Երեկ երեկոյան տեղի ունեցած «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումից հետո Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում
«Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել
թիմակիցների հասցեին:
«Այսօր մենք սպասեցինք հարմար պահի: Մեկնարկային 15 րոպեներին մենք
խաղում էինք առանց գնդակի: Բոլորն էլ կամային բարձր հատկանիշներ
դրսեւորեցին խաղադաշտում՝ յուրաքանչյուր դրվագում պայքարելով ուժերի
առավելագույն սահմանով: «Չելսին» իր լավագույն հանդիպումն անցկացրեց
պատմության մեջ: Պատասխան հանդիպումը շատ բարդ է լինելու: Մենք հարգում ենք
«Բարսելոնային», սակայն չենք պատրաստվում լքել Չեմպիոնների լիգան»,- Թերիի
խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
FranceFootball-ն էլ իր հերթին գրում է, որ հանդիպման հաղթական գոլի հեղինակ Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ այս
արդյունքը գոհացնում է իր թիմին:
«Երեք տարի առաջ «Բարսելոնան» լավ դաս տվեց մեզ: Այս անգամ մենք ավելի
լավ խաղացինք, քան 2009-ին: Ամենակարեւորը, որ մենք գոլ բաց չթողեցինք
սեփական խաղադաշտում:
Հիմա մեր գլխավոր նպատակը հյուրընկալվելիս մրցակցի դարպասը գրավելն ու
եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելն է: Վստահ եմ՝ մենք դա կարող ենք»,- ասել է նա:
Իսկ ահա Marca-ն ներկայացրել է Պեպ Գվարդիոլայի խոսքերը:
«Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա շաբաթ եւ չորեքշաբթի օրերին, սակայն
վստահություն կա, որ մենք արդեն հաղթել ենք: Մենք պետք է եւս 24 գոլային
պահեր ստեղծենք եւ իրացնենք դրանք: Պարտվեցինք՝ ունենալով այդպիսի
առավելություն: Այս անգամ հաջողությունը «Չելսիի» կողմն էր: Դժվար է
ֆուտբոլ խաղալ, երբ մրցակիցը պաշտպանվում է 10 ֆուտբոլիստներով: Մեր խաղի
միակ թերությունն այն էր, որ չկարողացանք գոլ խփել: Սա իսկական մարտահրավեր
է «Չելսիի» կողմից, եւ մենք ընդունում ենք այն»,- ասել է Պեպը:
Նշենք նաև, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում պարտվելով Լոնդոնի
«Չելսիին»՝ «Բարսելոնան» ընդհատեց եվրագավաթներում անպարտելիության շարքը,
որը շարունակվում էր մեկ տարուց ավելի:
Նախորդ անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում պարտվել էր 2011-ի
փետրվարի 16-ին: Այդ օրը կատալոնացիները 1:2 հաշվով զիջեցին Լոնդոնի
«Արսենալին»:
Այդ օրվանից սկսած «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում անցկացրել էր 16
հանդիպում, որոնցից 14-ում հաղթել էր, երկու խաղ ավարտվել էր ոչ ոքի:
|