Գլխավոր էջ » 2012»Մարտ»29 » «Միլան» - «Բարսելոնա» | Երկրորդ խաղակեսի վերլուծություն
00:34
«Միլան» - «Բարսելոնա» | Երկրորդ խաղակեսի վերլուծություն
Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ խաղի երկրորդ խաղակեսը սկսվեց արդեն «Բարսելոնայի» գլխավորությամբ:
Բրազիլացիներից ակտիվ էր «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը, ակտիվությամբ աչքի չէր ընկնում հակառակորդ թիմի Բրազիլացին` Ռոբինյոն: Վերջինիս մոտ անընդհատ ինչ-որ մի բան չէր ստացվում: Կատալոնացիների նյարդերի հետ էր խաղում «Միլանի» հոլանդացի կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը, ով հիանալի փոխանցումներով ուղղակի զարմացնում էր «Սան Սիրո»-ում ներկա գտնվող երկրպագուներին:
Երկրորդ խաղակեսի սկզբում «Միլանի» գրոհները եզրափակելիս Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը անընդհատ խաղից դուրս վիճակում էր լինում. Դա խոսում է «Բարսելոնայի» պաշտպանների գրագիտության մասին: «Միլանին» մնում էր միայն հակագրոհել և 50-52-րդ րոպեներին ուղղակի գամվել էին «մերոնց» տուգանային հրապարակում և չէին ցանկանում ետ նահանջել: Իր ակտիվությամբ աչքի էր ընկնում Իտալական թիմի ֆուտբոլիստ Նոչելինոն:
Զարմանալի էր, բայց «Բարսան» չէր խաղում պրեսսինգով: Կար թույլ պրեսսինգ, սակայն «Միլանի» հակագրոհների պատճառով Պեպ Գվարդիոլան ընդմիջմանը իր սաներին կարգադրել էր ցուցադրել ավելի փակ ֆուտբոլ: Նշենք նաև, որ արդեն երկրորդ խաղակեսի միջնամասում «Բարսան» գնդակին տիրել էր 63 %:
Խաղակեսի վտանգավոր պահերից մեկը ստեղծեց հակառակորդ թիմից փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստ Էմանուելսոնը, սակայն վերջինիս կասեցումը արդեն երկրպագուներին հասկացրեց, որ գրոհը վերջաբան չի ունենալու:
Դեղին քարտերի հարցում մրցավարը մի փոքր չափազանցրել էր քանակությունը: «Միլանի» կազմից անհայտ պատճառով դեղին քարտի արժանացավ ավագը` Ամբրոզինին:
Ընդհանուր առմամբ խաղը ընթանում էր դանդաղ տեմպով: «Բարսելոնան» իր ակտիվությունը ցուցադրում էր անկյունայինների ժամանակ: Նշանակալից պահ էր Կառլես Պույոլի գլխով հարվածը, որից հետո գնդակը մի փոքր շեղությամբ հեռացավ դարպասի կողքից:
Պողպատե նյարդեր ուներ Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով ամեն անգամ լարվածության մեջ էր պահում թիմի պաշտպաններին:
Նշենք նաև, որ Մադրիդյան երկրպագուների թիրախ դարձած Սերխիո Բուսկեթսը 82-րդ րոպեին իրոք սիմուլիացիա չէր արել:
Խաղակեսի վերջում ստեղծվեց ամենավտանգավոր պահերից մեկը, սակայն «Միլանի» պաշտպանների շնորհիվ գնդակը չհայտնվեց ցանցում:
Ընդհանուր առմամբ երևում էր, որ «Բարսան» խաղադաշտ է դուրս եկել ավելի համեստ նպատակներով: