Մենք փորձել ենք համեմատել Իսպանիայի հավաքականում և կատալոնական «Բարսելոնայում» հանդես եկող ֆուտբոլային մեծ ինտելեկտով օժտված երկու անհատականությունների՝ Անդրես Ինյեստային ու Խավի Հերնանդեսին: Մեր կատարած վերլուծական համեմատությունը ոչ բոլոր ընթերցողների կարծիքի հետ կարող է համընկնել: Որքան էլ փորձենք մեր գնահատականներում օբյեկտիվ լինել, այնուամենայնիվ, սա սուբյեկտիվ մոտեցում է: Կարևորությունը թիմում: Այսօրվա «Բարսելոնան» անհնար է պատկերացնել առանց Խավիի ու Ինյեստայի: Վերջին տարիներին «Բարսան» ամենագեղեցիկ ու ամենաարդյունավետ խաղն է ցույց տալիս աշխարհում և այդ գործում իրենց մեծ դերակատարումն ունեն Խավին ու Ինյեստան: Աստղերի պակաս չունեցող «Բարսայի» գրեթե բոլոր գրոհները կազմակերպվում են նրանց ջանքերով: Սակայն պետք է նկատել, որ երբ Խավին խաղադաշտում է լինում, բոլորը հասկանում են, թե ով է կառավարում «Բարսելոնայի» խաղը: Խավին ու Ինյեստան նաև Իսպանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներ են, և արդեն հասցրել են առաջնորդել խաղընկերներին դեպի աշխարհի ու Եվրոպայի հաղթողի տիտղոսը: Փոխանցումները: Խավիի կատարած նրբանկատ փոխանցումների կուլտուրան հիացմունք է պատճառում բոլորին: Ինյեստան ևս տիրապետում է աներևակայելի փոխանցումների, սակայն այս հարցում Խավիի հետ շատ դժվար է մրցել : Երկուսն էլ խաղադաշտում այնքան լավ են հասկանում միմյանց, որ երբեմն թվում է, թե նրանք մեկ ամբողջաականություն են: Ինյեստան ու Խավին խաղ կազմակերպելու կարողությոմբ աշխարհում լավագույններից են: Ո՛չ մրցակիցը, և ո՛չ էլ տարածությունը չեն կարողանում խոչընդոտել այս ֆուտբոլիստների կատարած անհասկանալի փոխանցումներին: Նրանց ուժեղագույն կողմերից կարելի է համարել նաև կարճ տարածության վրա գնդակ խաղարկելը: Մեսին, Պեդրոն, Վիլյան բացառիկ արդյունավետությամբ են աչքի ընկնում ու դրա գլխավոր «մեղավորները» հենց Խավին ու Ինյեստան են, որոնք ամբողջ խաղի ընթացքում մշտապես հարվածային դիրքեր են դուրս բերում խաղընկերներին: Տեխնիկան: Խավիից գնդակ խլելը երբեմն անհավատալի է թվում: Ամբողջ խաղի ընթացքում մեծ տոկոս են կազմում նրա օգտակար գործողություններիը: Խավին չի կատարում տեխնիկական տարբեր հնարքներ, սակայն կարող է երկու-երեք ֆուտբոլիստի շրջանցել մարմնի մեկ շարժումով: Ինյեստան ավելի շատ է միտված հարձակման և նրա գործողությունները ավելի տարբեր են ու վտանգավոր: Ստանալով գնդակը նա այնքան կտրուկ է արագություն հավաքում, որ թվում է մրցակիցը չի հասկանում, թե ինչ է կատարվում: Արագությունը: Խավիի ամենաթույլ կողմը կարելի է համարել արագությունը: Նա խաղում է դաշտի կենտոնում և այքան էլ առաջնային չի ունենալ բարձր արագություն, որքան եզրային կիսապաշտպանների համար: Ինյեստան ավելի արագ ֆուտբոլիստ է, և իրեն կարող է գերազանց դրսևորել ինչպես խաղադաշտի կենտրոնում, այնպել էլ եզրերում: Նա հաճախ է բարձր արագությամբ ներխուժում տուգանային հրապարակ՝ մեծ անհարմարություններ պատճառելով պաշտպաններին: Ֆիզիկական տվյալները: Այս ֆուտբոլիստները օժտված չեն ֆիզիկական բնատուր ուժով, սակայն այդ բացը կարողանում են լրացնել կամային բարձր որակներ դրսևորելով: Երկուսն էլ չունեն ամուր կազմվածք և երկրոդ հարկում հաճախ են զիջում մրցակցին: Ֆունկցիոնալ առումով Խավին գերազանց է պատրաստված և խաղի ժամանակ բոլորից շատ է գտնվում շարժման մեջ: Ինյեստան փոքրամարմին է, բայց կոճղի պես ամուր ու ցանկացաց դրվագում պայքարում է ուժերի մաքսիմալ ներգրավմամբ: Հարվածը: Խավիի հարվածները նպատակային են ու վտանգավոր: Նա այնքան էլ հաճախ չի հարվածում հեռու տարածությունից և ավելի շատ ուշադրություն է դարձնում հարվածի դիպուկության վրա: Ինյեստան այս առումով ավելի ագրեսիվ է: Անդրեսը ավելի հաճախ է հարվածում հեռու տարածությունից, ինչը բավական արդյունավետ է ստացվում: Ընդ որում, տուգանային հրապարակի մատույցներում նա կարող է ամենատարբեր ու անհարմար դիրքերից անակնկալի բերել ցանկացած դարպասապահի: Կայունությունը: Այս ֆուտբոլիստները ամբողջ կարիերայի ընթացքում բավականին կայուն են խաղացել, անգամ առանձին հանդիպումներ դժվար է հիշել, որոնցում նրանք բացահայտ ձախողած լինեն: Խավին արդեն երկար տարիներ է, ինչ խաղում է «Բարսայում» և դժվար է մտաբերել որևէ ժամանակահատված, որտեղ նրա խաղում նկատելի անկում երևար: Սակայն հարկ է նշել, որ Խավին իր կարիերայի լավագույն խաղը ցուցադրում է վերջին տարիներին: Ինյեստան տարեցտարի ավելի է կատարելագործվում և առաջիկայում կարող արժանանալ անհատական տարբեր մրցանակների: Նվաճումները: Երկուսն էլ Իսպանիայի հավաքականի կազմում հաղթել են Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, ինչպես նաև մի շարք երիտասարդական մրցաշարերում: Ակումբային մակարդակով «Բարսայի» կազմում նվաճել են բոլոր հնարավոր տիտղոսները: Սակայն անհատական մրցանակներով Խավին առավելություն ունի: Նա ճանաչվել է «Եվրո-2008»-ի լավագույն ֆուտբոլիստ, 2009-ին Եվրոպայի լավագույն կիսապաշտպան ինչպես նաև հաճախակի ընդգրկվել է աշխարհի ու Եվրոպայի «սիմվոլիկ» հավաքականներում: Ամփոփում: Մենք զերծ ենք մնում բոլոր տեսակ մեկնաբանություններից, քանի որ երկուսն էլ անեևակայելի ֆուտբոլիստներ են և նրանցից մեկին առանձնացնելը շատ դժվար է: Միայն նկատենք, որ Խավիի ներկայության ու բացակայության դեպքում՝ «Բարսելոնաները» շատ տարբեր են: Ինյեստան խաղընկերոջից ավելի երիտասարդ է, և եթե շարունակի այսպես սահուն կերպով բարձրացնել իր խաղամակարդակը, ապա էլ ավելի բարձր աստիճանի վրա կկանգնի: