Իսպանական երկու գրանդների` "Բարսելոնայի" եւ "Ռեալի" նախկին ֆուտբոլիստ, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, այս երկու ակումբների միջեւ սպասվող Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ 2 դիմակայությունների 1-ին մասի նախօրեին հրաժարվել է կանխատեսումներ անել եվրոպական մրցասպարեզում սպասվող 2 "Կլասիկո"-ների վերաբերյալ:
- Այդպիսի խաղերը միշտ հիշվում են, - Ֆիգուի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: - Դրանք կայանում են յուրաքանչյուր տարի, սակայն հիշողությունների մեջ միշտ էլ մնում են` շնորհիվ դրանց հետեւում կանգնած պատմության: "Ռեալի" եւ "Բարսելոնայի" միջեւ հսկայական դիմակայություն կա, որը պայմանավորված է ֆուտբոլային եւ հասարակական պատճառներով: Հենց այդ պատճառով էլ մրցակցության մակարդակն այդքան բարձր է: Սակայն շատ կարեւոր է նշել, որ դա ընդամենը ֆուտբոլային խաղ է եւ մարդիկ դրան պետք է մոտենան հենց այդ տեսանկյունից: Հաղթանակը տրվում է այն թիմին, որն այդ օրն ավելի ուժեղ է գտնվում:
- Չեմ կարծում, որ նախորդ խաղերը նշանակություն կարող են ունենալ: Պետք է ոչ թե հայացք նետել նախորդ հանդիպումներում տեղի ունեցած իրադարձություններին, այլ պետք է մտածել հաջորդ հանդիպումների մասին: Երկու ակումբներն էլ կիսաեզրափակիչ դիմակայությանը մոտենում են հաջողության կիզակետում : Կարծում եմ, ներկա պահին հենց այս երկու ակումբներն են հանդիսանում աշխարհի ուժեղագույնները: Եւ հենց դա է պատճառը, որ Չեմպիոնների լիգայի այս կիսաեզրափակիչը մտնելու է պատմության մեջ:
- Իմ կարծիքով, այսօրվա դրությամբ "Բարսելոնան" ավելի ուժեղ է: Այդ ակումբն ունի խաղային հստակ փիլիսոփայություն, բոլոր ֆուտբոլիստները տեխնիկապես գերազանց են պատրաստված եւ գիտեն, թե ինչպես համագործակցեն միմյանց հետ:
- Ֆուտբոլը միշտ էլ փուլերով է շարժվում: Եղել են տարիներ, երբ ամեն ինչում հաղթում էր "Ռեալը": Այժմ, ըստ երեւույթին, հերթը "Բարսելոնայինն" է: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների կոնկրետ սերնդից: Կատալոնացիներն այսօր ունեն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր միասին հրաշալի են դիտվում եւ գիտեն, թե ինչպես ձուլվել անհրաժեշտ խաղային մոդելին: Այդ իսկ պատճառով, շատ դժվար է նրանց հաղթելը: Ով կհաղթի՞... Կանխագուշակումներ անելը լավագույն միտքը չէ:
- Ժոզե Մոուրինյոն չափազանց հաջողակ մարզիչ է: Նա այնպես է կառուցում իր թիմերի խաղը, որ նրանք հասնում են բարձր նվաճումների: Չեմ կասկածում, որ Մոուրինյոն կարող է օգնել "Ռեալին": Մոուրինյոն մեկ անգամ չէ, որ հաղթանակներ է տարել որոշակի ոճով: Այդ իսկ պատճառով, մեծ է հավանականությունը, որ նա դեռ հասնելու է հաջողությունների եւ նվաճելու է նորանոր բարձրունքներ: armsport.am
|