Ապրիլի 5-ին «Կամպ Նոում» տեղի է ուենեցել Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի մամուլի ասուլիսը, որը նվիրված է եղել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» հետ խաղին:
«Լեփ-լեցուն մամուլի սրահը վկայում է հանրության հետաքրքրվածության մասին: Կցանկանայի, որպեսզի վաղն իսկապես գեղեցիկ խաղ լինի, որն արժանի է Չեմպիոնների լիգային»,-ասել է Լուչեսկուն:
-Ասում են, որ «Բարսելոնան» «Շախտյորից» ուժեղ է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
-Ես շատ խաղեր եմ ունեցել «Բարսելոնայի» դեմ: Առաջին անգամ դա պատահեց «Գալաթասարայի» հետ:Առաջին խաղակեսից հետո մենք 2:0 հաշվով հաղթում էինք, իսկ հետո մեր խաղացողին հեռացրին, ինչի շնորհիվ կատալոնացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 2004 և 2008թթ-ին «Շախտյորի» հետ եմ հանդիպել «Բարսելոնային»: Այսօրվա դրությամբ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչներին մեկն է, և ես նրան շատ եմ հարգում: «Բարսելոնայի» խաղացողները շատ լավ են տեխնիկապես զարգացած: Դա մի թիմ է, որտեղ խաղային շատ պահեր և կոմբինացիաներ կատարելության են հասցված: Ֆուտբոլիստները շատ երկար տարիներ են միասին խաղացել: Միևնույն ժամանակ մեր թիմում էլ շատ արագ և տեխնիկապես լավ զարգացած ֆուտբոլիստներ կան, ովքեր միշտ էլ խնդիրներ են ստեղծել «Բարսելոնայի» համար: Այդ պատճառով կփորձենք խնդիրներ ստեղծել մրցակցի համար նաև վաղը: Ցանկանալի կլիներ, որ խաղն ավարտվեր այնպիսի հաշվով, որը հնարավորություն կտար Դոնեցկում պայքարել կիսաեզրափակիչ դուրս գալու համար, քանի որ, որպես կանոն, սեփական հարկի տակ մենք լավ ենք խաղում:
-Ինչպիսի՞ արդյունքը ձեզ համար դրական կլինի:
-Դժվար կլինի կանխագուշակել վաղվա արդյունքը: Ամեն դեպքում դա «Բարսելոնան» է: Դուք ինքներդ գիտեք, թե ինչպես է այդ թիմը խաղում: Բայց ինչպես ասացի, կցանկանայի այնպես խաղայինք, որպեսզի Դոնեցկում հնարավորություն ունենայինք:
-Ինչպե՞ս եք դուք գնահատում Պեդրոյի խաղը:
-Նա միշտ մեր դեմ լավ է խաղացել, հրաշալի անցկացրեց հանդիպումը, որում մենք 2:0 հաշվով հաղթեցինք Բարսելոնայում: Այնուհետև իր թիմի հաղթանակ բերեց Սուպերգավաթի խաղում: Բայց խոսքը միայն նրա մասին չէ, այլ ամբողջ թիմի: «Բարսելոնայի» խաղացողները գրոհների են հակված և շատ լավ տեխնիկա ունեն: Տուգանայինում հայտնվելու դեպքում «Բարսելոնայի» յուրաքանչյուր հարձակվող կարող է գոլ խփել և յուրաքանչյուրը կարող է թիմի կոմբինացիոն գործողություններին մասնակցել:
-Կկարողանա՞ն վաղը խաղադաշտ դուրս գալ Կուչերը և Չիգրինսկին:
-Բնականաբար, Կուչերը չի մասնակցի: Չիգրինսկին մի քանի օր աշխատում է թիմի հետ, բայց միայն այսօրվա մարզումից հետո ես կարող եմ ասել, թե նա պատրաստ կլինի խաղին, թե' ոչ: Կան այլ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են նրան փոխարինել: Դա նաև Իշչենկոն է, ով արդեն խաղացել է «Բարսելոնայի» դեմ: Կարող են մասնակցել նաև Չիժովը, Կրիվցովը և այլք: Որոշում կընդունեմ միայն այսօրվա մարզումից հետո:
- Այսօրվա դրությամբ ինչքանո՞վ է «Շախտյորը» պատրաստ «Բարսելոնայի» հետ հանդիպմանը։
- Ամեն շաբաթ կարելի է զմայլվել «Բարսելոնայի» խաղով։ Կրկին ցանկանում եմ նշել «Բարսայի» խաղացողների անհատական վարպետությունը, թիմային վարպետությունը, պրեսինգը, որին նրանք դիմում են։ Գիտեմ, որ մեզ սպասվում է շատ ուժեղ թիմի հետ հանդիպում, սակայն ես հավատում են իմ խաղացողներին և համոզված եմ, որ նրանք վաղը ցույց կտան արժանի խաղ։ Ուսումնասիրելով հակառակորդին՝ ես եկա այն եզրակացության, որ այժմյան «Բարսելոնան» ամենուժեղ թիմն է ֆուտբոլի պատմության մեջ։
- Ի՞նչպիսի արդյունք կցանկանայինք այսօր, որ Դոնեցկում հնարավորություններ մնան։
- Արդյունքը չի նախատեսվում, դրա համար դժվար է այդ հարցին պատասխանել։ Մենք ինքներս գիտենք, թե ում դեմ ենք խաղում։ «Բարսելոնայի» հետ հանդիպման հաշիվը կանխատեսելը շատ դժվար է։
- Դուք ասացիք, որ «Բարսելոնան»՝ ֆուտբոլի պատմության մեջ լավագույն թիմն է։ Իսկ ի՞նչ կասեք ձեր թիմի մասին։
- Իհարկե, կարևոր է, որ մենք լավ խաղանք «Բարսելոնայի» հետ։ Սակայն ամենակարևորը՝ մնալ այն տեղում, որին մենք հասել ենք վերջին տարիներին։ Թիմն աճում է։ Երկու տարի առաջ մենք հաղթեցինք ՈՒԵՖԱ-ի գավաթը, այս տարի առաջին տեղով դուրս ենք եկել խմբից, 1/8 -րդ եզրափակչում հաղթել ենք «Ռոմային», որը շատ ուժեղ թիմ է։ Այժմ խաղում ենք «Բարսելոնայի» հետ քառորդ եզրափակչում։ Ես շատ լավ ծանոթ եմ և հարգում եմ մեր հակառակորդին։ Բնականաբար, «Բարսելոնայի» հնարավորությունները ավելի բարձր են, սակայն ես և իմ խաղացողները կանենք ամեն հնարավորը, որպեսզի հաստատենք, որ և «Շախտյորն» այդքան էլ հեշտ թիմ չէ։
- Պարոն Լուչեսկու, վերջին տարիներին դուք «Շախտյորը» սարքել եք մի թիմ, որը հասնում է բարձր արդյունքների և ցուցադրում է գեղեցիկ ֆուտբոլ։ Եթե անհրաժեշտ լինի, պատրա՞ստ եք դուք արդյոք վաղը չխաղալ ձեր ոճով արդյունքի հասնելու համար։
- Իհարկե, այս փուլում արդեն կարևորը արդյունք է, այլ ոչ թե խաղի որակը։ Սակայն մեր թիմն այլ կերպ խաղալ չի կարող։ Միևնույն է, մեր խաղացողները կցուցադրեն իրենց անհատական վարպետությունը։
armsport.am