Աբիդալը ներկա է գտնվել Բարսելոնայի մարզմանը (Վիդեո)
Իսպանական "Բարսելոնայի" եւ Ֆրանսիայի
ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Աբիդալը, ով վիրահատության էր ենթարկվել`
կապված լյարդի քաղցկեղի հետ, այցելել է "Նոու Կամպ", որտեղ ներկա է եղել
"Բարսելոնայի" մարզմանը, շփվել է խաղընկերների հետ եւ նրանց հաջողություն է
մաղթել մրցաշրջանի վերջնագծում: Այս մասին տեղեկացրել է "Բարսելոնայի"
պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը հետեւել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի "Վիլյառեալի" հետ հանդիպմանը մեկնելուց առաջ իր թիմի վերջին մարզմանը:
Մարտի
17-ին կատարված վիրահատությունից հետո Էրիկ Աբիդալն առաջին անգամ հայտնվեց
հասարակության առջեւ: Բժիշկներն Աբիդալին հիվանդանոցից դուրս են գրել մեկ
շաբաթ առաջ եւ բավարարված են ֆուտբոլիստի ապաքինման ընթացքից:
Հավելենք,
որ երեկվա մարզման ժամանակ ընդհանուր խմբի հետ մարզվել են նաեւ
վնասվածքներից ապաքինված Բոյան Կրկիչը, Լիոնել Մեսսին, Պեդրո Ռոդրիգեսը եւ
Մաքսվելը:
Անհատական ծրագրով մարզվել է միայն թիմի պաշտպան Կառլես Պույոլը: