|                                            
 France Football հեղինակավոր հանդեսը հրապարակել է ֆուտբոլային աստղերի եւ ոչ պակաս աստղային մարզիչների եկամուտները:Ֆուտբոլիստների շրջանում բոլորից շատ վաստակում է իսպանական Բարսելոնայի հարձակողական ոճի կիսապաշտպան` արգենտինացի Լիոնել Մեսսին.  տարեկան 31 մլն. Եվրո (հաշվի է առնվել ոչ միայն աշխատավարձը, այլեւ գովազդային պայմանագրերից ստացված եկամուտները եւ այլն) : Իր 27.5 մլն. Եվրո ցուցանիշով, բարձր եկամուտ ունեցող ֆուտբոլիստների ցուցակում Լիոնել Մեսսիին հաջորդում է բոլոր ասպարեզներում նրա անմիջական մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն` Մադրիդի Ռեալից: 
 Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Ուեյն Ռունին տարեկան վաստակում է 20.7 մլն. Եվրո, ինչն այս ցուցակում երրորդ ցուցանիշն է: 
 Միացյալ Նահագներում վատ չեն ապրում Դեւիդ Բեքհեմը եւ Տիերի Անրին, ովքեր իրենց 19 մլն. եւ 13.6 մլն. Եվրոյով զբաղեցնում են այս ցուցակի 5-րդ եւ 11-րդ հորիզոնականները, համապատասխանաբար: 
 Մարզիչների շրջանում ամենահարուստը ճանաչվել է Մադրիդի Ռեալի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով տարեկան վաստակում է 13.5 մլն. Եվրո: 
 Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով տարեկան վաստակում է 10.5 մլն. Եվրո, զբաղեցրել է այս ցուցակի 2-րդ հորիզոնականը: 
 Մոուրինյոյին եւ Գվարդիոլային հաջորդում են առանց աշխատանքի մնացած իսպանացի Ռաֆայել Բենիտեսը` 10.2 մլն. Եվրոյով, եւ Անգլիայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն` 8.5 մլն. Եվրո ցուցանիշով: 
 Աշխարհի ամենառատաձեռն ֆուտբոլային լիգա ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-Լիգան. ֆուտբոլային աշխարհի ամենահարուստների ցուցակի առաջին 20 հորիզոնականներն զբաղեցրած ֆուտբոլիստներից 7-ը հանդես են գալիս հենց Անգլիայի Պրեմիեր-Լիգայում: 
 Այս ամենով հանդերձ նշենք սակայն, որ  ֆուտբոլային աստղերն իրենց եկամուտներով շարունակում են բավական հետ մնալ ճանաչված գոլֆիստ Թայգեր Վուդսից, ով տարեկան իր վաստակած 53 մլն. Եվրոյով ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարզիկը: |