Կատալոնիայում, երեկ, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝
Բարսելոնա-Արսենալ պատասխան հանդիպումը: Նախորդ խաղում, Լոնդոնում,
Բարսելոնան պարտություն էր կրել 2-1 հաշվով, սակայն կարողացավ լավագույնս
օգտագործել սեփական հարկի ընձեռած առավելութունը և 3-1 հաշվով հաղթանակի
հասավ Արսենալի նկատմամբ:
Առաջին գոլը ծնվեց խաղակեսի ավարտից քիչ առաջ. աչքի ընկավ Մեսսին:
Երկրորդ կեսում, անհավատալի ինքնագոլի հեղինակ դարձավ Բուսկետսը, ով Նասրիի
կատարած անկյունային հարվածի ժամանակ արեց այն, ինչ չէին կարողանում անել
Արսենալի ֆուտբոլիստները: Հաշվի հավասարությունը միանգամայն ձեռնտու էր
Արսենալին, սակայն պատահեց մի բան, ինչի մասին արդեն շատ է խոսվել և շատ էլ
դեռ կխոսվի: Հանդիպման 56-րդ րոպեին, Արսենալի հոլանդացի հարձավող Ռոբին
վան Պերսին, սուլիչից հետո կատարած հարվածից համար ստացավ երկրորդ դեղին
քարտն ու հեռացվեց խաղադաշտից (առաջին դեղինը նա ստացել էր Ալվեշին
հարվածելու համար): Օրենքի տառին եթե նայենք՝ շվեյցարացի մրցավար Բուզական
իրավունք ուներ, սակայն Վան Պերսին էլ իր հերթին փորձում էր արդարանալ, որ
95 000 հանդիսականների ձայների մեջ չի լսել սուլիչի ձայնը: Այդ դեպքից հետո էլ ավելի բարդացավ առանց այն էլ միայն
պաշտպանությունում գործող Արսենալի գործերը: Հանդիպման հաշիվը կարող էր էլ
ավելի խոշոր լիներ, եթե իր բարձրության վրա չգտնվեր Ալումնիան. նա մի քանի
անգամ հրաշքով անառիկ պահեց իր դարպասը: Այնուամենայնիվ, Բարսելոնան ևս
երկու անգամ գրավեց Արսենալի դարպասը. աչքի ընկան Խավին և կրկին Մեսսին (11
մ.)՝ ձևավորելով հանդիպման վերջնական՝ 3-1 հաշիվը: Շատերը կարող են ասել, թե Վան Պերսիի հեռացումն անարդար էր, որն ազդեց
հանդիպման վերջնական արդյունքի վրա, սակայն չպետք է մոռանալ մեկ կարևոր
փաստ՝ Արսենալը ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ գոնե մեկ անգամ հարված
չկատարեց դարպասին, ինչը շատ բանի մասին է խոսում: Տեղին է հիշել, օրեր
առաջ, Սամիր Նասրիի խոսքերը, թե մենք Ինտերը չենք, որ խաղանք միայն պաշտպանությունում: Հարկ է նշել մեկ փաստ ևս. աշխարհի վերջին երկու տարիների լավագույն
ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով երեկվա խաղում երկու անգամ գրավեց Արսենալի
դարպասը, ընթացիկ մրցաշրջանում, ընդհանուր առմամբ, խփած գոլերի քանակը
հասցրեց 45-ի: Նրա անձնական ռեկորդը, ողջ մրցաշրջանի համար, 47 գնդակն է,
որն արձանագրել է անցյալ տարի:
Պաշտոնական գործընկեր` Gol-Bet.com
|