Արսենալի դեմ խաղին Պեպ Գվարդիոլան չի հրաժարվի Բարսելոնայի ֆիրմային խաղային ոճից` չնայած նրան, որ Արսենալը կապտանռնագույնների պես նույն հարձակողական ոճին է դավանում:
Լոնդոն հասնելուն պես Գվարդիոլան և Անդրես Ինիեստան ուղևորվեցին «Էմիրեյթս» մարզադաշտ, որպեսզի մասնակցեն խաղից առաջ մամուլի ասուլիսին:
Խաղային ոճերը նման են իրար
Բարսելոնայի մարզիչը նշեց, որ Արսենալը իր համար իդեալական մրցակից չէ 1/8 եզրափակիչ փուլի համար. «Ինձ դուր են գալիս Արսենալի խաղերը, բայց ես այնքան էլ չէի ցանկանա խաղալ նրանց դեմ: Երկու թիմերն էլ սովոր են տիրել գնդակին, և եկուսն էլ դժվարություններ են ունենում առանց դրա: Մենք փորձում ենք հնարավորինս շատ տիրել գնդակին, որպեսզի հնարավորինս շատ գրոհներ կազմակերպենք»:
Ամենակարևորը գնդակին տիրելն է
Նշելով գնդակին տիրելը որպես առանցքային գործոն` Գվարդիոլան ասաց.«Մենք պետք է եսասիրություն դրսևորենք և անընդհատ ձգտենք ստանալ գնդակը: Եթե Արսենալն այդ հարցում առավելություն ստանա, ապա նրանք ուղղակի կխեղդեն մրցակցին գոլային պահերով»: Բացի դրանից նա հավաստիացրեց.«Անկախ ամեն ինչից, դուք կտեսնենք այն Բարսային, որին սովոր եք տեսնել»: Նշելով, որ հակամարտության ելքը կորոշվի Նոու Կամպում` Գվարդիոլան եզրափակեց.«Եվրագավաթներում անհրաժեշտ է մրցակցի հարկի տակ գոլեր խփել»:
|