Խոսելով այսօր Նոու Կամպում Մալագայի դեմ կայանալիք հանդիպման մասին՝ Պեպ Գվարդիոլան նշեց, որ Մանուել Պելեգրինիի թիմում մի շարք ուժեղ ֆուտբոլիստներ կան: Այսօր Բարսան կավարտի Իսպանիայի այս առաջնության առաջին խաղաշրջանը Մալագայի դեմ խաղով: Բավական ակտիվ էին ձմեռային տրանսֆերային շրջանում և մի շարք նոր ֆուտբոլիստներ ունեն, սակայն Գվարդիոլան ասաց, որ գիտի, թե ինչ է պետք սպասել այդ թիմից. «Մենք ուշադիր հետևել և ուսումնասիրել ենք նրանց: Նրանք բարձր մակարդակի մարզիչ ունեն, բացի այդ համալրվել են բարձրակարգ ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Դեմիչելիսը, Բապտիստան և Մարեսկան»: Բացի այս ամենից, Գվարդիոլան ասաց, որ հարկավոր է զգույշ խաղալ մալագայի դեմ. «Մենք պետք է շատ ուշադիր և կենտրոնացած գործենք: Մանուել Պելեգրինիի թիմերը միշտ ել շատ լավ են խաղում, նրանք գալու են այստեղ, որպեսզի լավ ֆուտբոլ խաղան և հաղթեն: Նա այն մարզիչներից է, ով միշտ կարողացել է խնդիրներ ստեղծել Բարսայի համար»: Գնահատելով այս մրցաշրջանում Բարսայի անցած ճանապարհը՝ Գվարդիոլան ասաց. «Ես շատ գոհ եմ հատկապես այն բանից, թե ինչպես ենք մենք այսքան միավոր վաստակել: Լավ արդյունքների համար պետք է միշտ մեծ ձգտում ունենալ: Այժմ մենք կարող ենք առաջին խաղաշրջանում 52 միավոր վաստակել, ինչը լավագույն արդյունքը կլինի պատմության մեջ:Բայց իրականում բավական դժվար է այսպիսի արդյունքներ ցույց տալ, հատկապես Էրկուլեսի և Մալյորկայի դեմ սայթաքումներից հետո»: