Իտալական «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտին խոստովանել է, որ նախկինում «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի վաճառքի վերաբերյալ բոլոր խոսակցություններն անհիմն էին: Սակայն այժմ նա լրջորեն է մտածում Մեսսիին հրավիրելու մասին: Դա, ճիշտ է, այնքան էլ հեշտ գործ չի լինի: Արգենտինացու պայմանագիրը, որի համաձայն նա տարեկան ստանում է մոտ 10 մլն եվրո, ուժի մեջ է մինչև 2016 թ., իսկ նրա տրանսֆերային արժեքը սահմանվել է 250 մլն եվրո: Մորատտին հույս ունի, որ իրեն տրանսֆերային գործարքի հարցում կօգնի կատալոնյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Հայտնի է, որ իսպանացի մասնագետը վերջին տարին է աշխատում այդ ակումբում, իսկ «Ինտերի» նախագահ Մորատտին չի բացառում, որ նա ապագայում կարող է գլխավորել իր թիմը: «Կարծում եմ` Մեսսիի տեղափոխությունը միանգամայն իրատեսական է,- Մորատտիի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:- Նա մեր տրանսֆերային թիվ 1 նպատակն է: Ըստ իս` Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և պետք է խաղա «Ինտերում»: Նախկինում, երբ խոսում էի նրան գնելու իմ ցանկության մասին, մի քիչ պարծենում էի: Իսկ հիմա ես միանգամայն լուրջ եմ խոսում»:
|