Բարսելոնան Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում շատ կարևոր հաղթանակ տարավ առաջատար Վալենսիայի նկատմամբ: Այս մրցաշրջանում Բարսելոնան միավորներ էր կորցնում սեփական հարկի տակ: Այս հանդիպումը ևս անհաջող սկսվեց կապտանռնագույնների համար: Վալենսիան բավական ակտիվ սկսեց խաղը, զրկեց Բարսելոնային գնդակից, ինչը տվեց իր արդյունքը. առաջին խաղակեսի վերջնամասում Պաբլո Էրնանդեսը բացեց հաշիվը: Բարսան ընդմիջման գնաց պարտվողի դերում: Երկրորդ խաղակեսում տանտերերը կարծես կերպարանափոխվեցին: Ավելի ճիշտ կլինի ասել, որ նմանվեցին իրենց: 46-րդ րոպեին Չավի և Ինիեստան հիանալի խաղարկեցին գնդակը, ինչը հանգեցրեց Անդրես Ինիեստայի խփած գոլին: Դրանով Բարսան չբավարարվեց և շարունակեց ճանապարհներ փնտրել դեպի Սեզարի դարպասը: Արդյունքում թիմի ավագ Պույոլը գլխի հուժկու հարվածով գրավեց Վալենսիայի դարպասը: Այս երկու հարվածներից հետո հյուրերն այլևս ուժ չգտան իրենց մեջ կորցրածը հետ բերելու համար, մինչդեռ Բարսան կարող էր նաև երրորդ գնդակը խփել, սակայն Դավիդ Վիլյային ոչ մի կերպ չէր հաջողվում գոլի հեղինակ դառնալ: 2-1, Բարսելոնան շատ կարևոր երեք միավոր վաստակեց ուժեղ մրցակցի դեմ խաղում: