Այսօր մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի
խաղարկության խմբային փուլը. 32 թիմեր բաժանված 8 խմբերի ու մինչ տարեվերջ
կորոշեն այն 16 թիմերին, որոնք արդեն հաջորդ տարի հանդես կգան փլեյ-օֆում:
Այսօր պայքարի մեջ են մտնելու A, B, C եւ D խմբերի մասնակիցները: Բնականաբար, հետաքրքրությունը մեծ է լիգայի այս եւ անցյալ մրցաշրջանների
հաղթողներ իտալական «Ինտերի» ու «Բարսելոնայի» մասնակցությամբ
հանդիպումների նկատմամբ: «Բարսելոնան» սեփական խաղադաշտում այսօր հյուրընկալելու է հունական
«Պանատինաիկոսին» (ի դեպ, այս հանդիպումը ցուցադրվելու է հանրային
հեռուստաընկերությամբ, իսկ «Արարատ» ալիքով ցուցադրվելու է «Օլիմպիկ»
Լիոն-«Շալկե» հանդիպումը. 2 խաղերի սկիզբը` 23:35-ին) ու ապացուցելու շատ
բան ունի: Իսպանիայի առաջնության վերջին տուրում, սեփական «Նոու Կամպ»
մարզադաշտում, «Բարսելոնան» սենսացիոն պարտություն կրեց առաջնության նորեկ
«Էրկուլեսից» 0-2 հաշվով ու հիմա տեղ է գրավել իր համար անսովոր` միջին
հորիզոնականներում: Նշեմ, որ վերջին անգամ «Բարսելոնան» իր խաղադաշտում
պարտվել էր 16 ամիս առաջ` 2009-ի մայիսին: Հետաքրքիր է, որ D խումբը միակն է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ուր ընդգրկված բոլոր 4 թիմերն էլ
իրենց երկրների գործող չեմպիոններն են: Ընդհանուր առմամբ խմբային փուլում
հանդես եկող 32 թիմերից ընդամենը 18-ն են անցյալ տարի նվաճել իրենց
երկրների չեմպիոնների տիտղոսը: 8 թիմեր անցյալ տարի դարձել են
փոխչեմպիոններ, 5 թիմեր դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ 4-րդ տեղեր
գրաված թիմերից միայն անգլիական «Տոտենհեմն» է: «Բարսելոնայի» բոլոր երկրպագուների
անունից ցանկանում եմ հաջողություն մաղթել
մեր սիրելի թիմին :
|