«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը
կարծում է, որ կարիք չկա շուտափույթ մեկնաբանություններ անել Իսպանիայի
առաջնության 2-րդ տուրի շրջանակում անցկացված «Էրկուլեսի» հետ խաղից կրած
պարտության վերաբերյալ:
Շաբաթ օրը կապտանռնագույններն
անսպասելիորեն զիջեցին Պրիմերայի նորեկին 0:2 հաշվով: Ալվեշը խաղը սկսել է
պահեստայինների նստարանին, խաղադաշտ դուրս է եկել 2-րդ խաղակեսին, սակայն
չի կարողացել փոխել իրավիճակը:
«Դա մեր օրը չէր: Պարտվելը միշտ էլ
տհաճ է, բայց նման անհաջողությունները հազվադեպ երևույթ են: Այդքան էլ
կարևոր չէ, թե մրցաշրջանն ինչպես է սկսվել, ավելի կարևոր է , թե ինչպես
այն կավարտվի: Հիշեք Գվարդիոլայի առաջին տարին «Բարսելոնայի» մարզչի պաշտոնում:
Այդ ժամանակ մենք դարձյալ վաղ կրեցինք առաջին պարտությունը'զիջելով
«Նումանսիային» ,- հայտարարել է Ալվեշը' որոշելով խուսափել հիշեցումից այն
մասին, որ ավելի ուշ կատալոնացիները հաղթեցին այն բոլոր մրցաշարերում,
որտեղ մասնակցություն ունեցան: armsport.am
|