Երկուշաբթի օրը Դավիդ Վիլյան իր մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց առաջիկա մրցաշրջանի, Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղի և այլ հարցերի մասին: Շաբաթ օրը, երբ Նոու Կամպը կընդունի Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպումը, կլրանա երեք ամիսը, ինչ Դավիդ Վիլյան իր ստորագրությամբ հաստատեց պայմանագիրը, որը կապեց նրան Բարսելոնայի հետ: Բոլորս բավական երկար ենք սպասել, և Իսպանիայի հավաքականի հարձակվողը չի համբերում իր դեբյուտը նշել Բարսայում: Վիլյան հավաքականի իր մյուս խաղընկերների հետ միասին դեռևս չի հասել իր լավագույն մարզավիճակին.<<Առջևում մարզումների մի ամբողջ շաբաթ կա: Մենք դեռ նոր ենք սկսել մարզումները, բայց ես կփորձեմ հնարավորինս շուտ հասնել լավ մարզավիճակի: Ինձ դուր է գալիս 100%-ով աշխատել, մարզվել և շարժվել դեպի նոր շրջան իմ կարիերայում>>: Վիլյան վստահ է, որ Բարսան ի զորու է հաղթահարել հաշվի այն տարբերությունը, որն առաջացել է սուպերգավաթի առաջին խաղից հետո.<<Արդյունքն այնքան էլ հաճելի չէ, բայց Բարսան հազար անգամներ է կարողացել ետ բերել կորցրածը: հավատում եմ, որ մենք այս դիմակայությունն էլ կարող ենք հաղթանակով ավարտել: Դեռևս ճանապարհի կեսն ենք անցել, և հաշիվը մեր դեմ է: Սակայն երկրորդ կեսը կանցնի Նոու Կամպում` Բարսելոնայի երկրպագուների ներկայությամբ, ովքեր հաղթանակ են պահանջում: Բարսան հենց այն թիմն է, որը կարող է հաղթահարել հաշվի այդպիսի տարբերությունը, և ոչ միայն Սևիլյայի, այլ ցանկացած թիմի դեմ խաղում>>: Այն հարցին, թե բացի կենտրոնական հարձակվողից որևէ այլ դիրքում կարող է նա խաղալ, թե ոչ, Վիլյան պատասխանեց.<<Ես վատ չեմ խաղում նաև ձախից: Ես տեղյակ եմ, թե ինչ դիրքերում են խաղում իմ խաղընկերները և որ դիրքում խաղալիս կարող եմ օգուտ բերել թիմին>>: Վիլյան հավաստիացրեց լրագրողներին, որ ինքը և Իբրահիմովիչը լիովին համատեղելի են խաղադաշտում: Վիլյան թիմին հարմարվելու առումով խնդիրներ չունի, քանի որ լավ ծանոթ է հավաքականում Բարսայի իր խաղընկերների հետ: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց թիմին իրեն լավագույն կերպով ընդունելու համար.<<Ինձ շատ են օգնում բոլոր նրանք, ում ես այստեղ հանդիպել եմ>>:
|