Բարսելոնան Ասիայում իր շրջագայությունն ավարտեց հաղթանակով` Bird's Nest Stadium մարզադաշտում հաղթելով Պեկինի Գուոան թիմին: Առաջին խաղակեսում մեկական գնդակ մրցակցի դարպասն ուղարկեցին Սերխիո Ռոբերտոն և Նոլիտոն, իսկ երկրորդ խաղակեսի վերջում հաշիվը խոշոր դարձրեց Զլատան Իբրահիմովիչը: Առաջին տասնհինգ րոպեների ընթացքում Բարսա Բ-ի ֆուտբոլիստները լավ տպավորություն թողեցին: Նրանք էլ հենց կերտեցին հաղթանակն այս խաղում` խաղասկզբին արդեն երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը: Իրեն լավագույնս դրսևորեց նաև Բարսելոնայի երկրորդ դարպասապահ Պինտոն, ով երեք անգամ այս խաղում փրկեց իր թիմին գոլից: Չինացի երկրպագուները մի ամբողջ խաղակես ունեցան Մեսսիի տաղանդով հիանալու համար: Բարսելոնայի արգենտինացի աստղը այս խաղում մի-քանի անգամ կարող էր գոլի հեղինակ դառնալ, բայց որոշեց ներել չինացի ֆուտբոլիստներին: Թերևս ամենից շատ հիշվեցին Մեսսիի գլխով հարվածը խաղի 32-րդ րոպեին, ինչից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին(անսովոր էր տեսնել, թե ինչպես է Մեսսին հաղթող դուրս գալիս երկրորդ հարկում մրցակցի տուգանային հրապարակում և վտանգավոր հարվածում դարպասին), և նրա իրացրած տուգանային հարվածը: Ինչպես նախորդ ստուգողական խաղերում, այս անգամ ևս Գվարդիոլան ընդմիջումից հետո փոխարինեց թիմի բոլոր ֆուտբոլիստներին; խաղադաշտը չլքեց միայն դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն: Հանդիպման վերջում Բարսելոնայի երրորդ գոլն այս խաղում գեղեցիկ հարվածով խփեց Բարսայի շվեդ հարձակվող Իբրահիմովիչը: