Սեսկ Ֆաբրեգասը վերջ ի վերջո կմնա «Արսենալում»: Այսպես էր դեռ վաղուց որոշել Արսեն Վենգերը, և լրագրողները ստիպեցին նրան հերթական անգամ հաստատել այդ փաստը :
Դեռ մեկ տարի առաջ ԶԼՄ-ներում սկսեցին լուրեր պտտվել, համաձայն որոնց` Սեսկը վերադառնում է «Բարսելոնա»: Կապտանռնագույնները, իսկապես, մի քանի ամգամ դիմել էին «Արսենալի» ղեկավարությանը և խնդրել վաճառել ավագին, սակայն վերջիններս հրաժարվել էին բաց թողնել իրենց առաջատարին:
Բոլոր ասեկոսեներին վերջ տալու նպատակով Արսեն Վենգերը կրկին դիմել է լրագրողներին արդեն սովորական դարձած հայտարարությամբ. «Ինչպես արդեն նշել եմ նախկինում, Ֆաբրեգասը առաջիկա մրցաշրջանում լինելու է մեր թիմի ավագը, և մենք մտադիր ենք պահպանել նրան: Սեսկը 23 տարեկան է, և բոլորովին վերջերս նա չեմպիոն է դարձել: Կարծում եմ, դա նրան ավելի ուժեղ կդարձնի, և միասին մենք կպայքարենք չեմպիոնական տիտղոսի համար»:
Մի քանի օր առաջ ինքը ֆուտբոլիստը իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ չի թաքցրել ակումբի հանդեպ իր սերը, բայց նշել է. «Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ, ինչպես և իմ պապը, հորեղբայրը և զարմիկս: Կապտանռնագույն երանգները դեռ մանկուց են իմ արյան մեջ, վերջ ի վերջո, ես իսպանացի եմ: Սակայն այս ամենից զատ` ես «Արսենալի» ավագն եմ: Հենց այստեղ եմ ես կայացել և ամրապնդվել որպես ֆուտբոլիստ», - ասել է Ֆաբրեգասը: armsport.am
|