«Բարսելոնայի» նորեկ Ադրիանոն երկուշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ չի թաքցրել իր ուրախությունը նոր ակումբ տեղափոխվելու հետ կապված. «Ես երկար չեմ մտածել այս առաջարկն ընդունելու վերաբերյալ: Մեծ պատիվ է «Բարսելոնայի» պես թիմի գույները պաշտպանելը: Ես երկար ու դժվարին աշխատանք եմ կատարել այս արդյունքին հասնելու համար:Բարսան լավագույնն է աշխարհում »,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը: Ադրիանոն, որը կարող է խաղալ կիսապաշտպանության տարբեր դիրքերում, ինչպես նաև պաշտպանությունում, չորս տարվա պայմանագիր է ստորագրել կատալոնական ակումբի հետ: «Բարսելոնան» նրա համար վճարել է 9.5 միլիոն եվրո: Ադրիանոյի հաջող ելույթների դեպքում կատալոնական ակումբը լրացուցիչ գումար կփոխանցի «Սևիլիայի» հաշվին: Պայմանագիրը նախատեսված է չորս տարով՝ այն երկարաձգելու հնարավորությամբ: Ադրանիոն 2004-ից հանդես էր գալիս «Սևիլիայում» և անդալուզյան ակումբի կազմում երկու անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր (2007, 2010) և երկու անգամ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր: Ադրիանուն դարձավ «Բարսելոնայի» նոր նախագահ Սանդրո Ռոսելի առաջին ձեռքբերումը: