Գլխավոր էջ » 2010»Հուլիս»12 » Իսպանիան հռչակվեց աշխարհի չեմպիոն. Եզրափակիչի հերոսն է Անդրես Ինյեստան
23:04
Իսպանիան հռչակվեց աշխարհի չեմպիոն. Եզրափակիչի հերոսն է Անդրես Ինյեստան
Աշխարհի առաջնություն. Եզրափակիչ. Հոլանդիա – Իսպանիա` 0:1 (լրացուցիչ ժամանակ)
11 հուլիսի, Յոհաննեսբուրգ, Սոքեր Սիթի ստադիոն
Մրցավար` Հովարդ Ուեբ (Անգլիա)
Ինյեստա, 116 (0:1)
Իսպանիայի հավաքականը նվաճեց աշխարհի գավաթը: Հոլանդիան տանուլ տվեց երրորդ եզրափակիչը: Իսկ Իսպանիան առայժմ միակ փորձը պսակեց հաղթանակով: 116-րդ րոպեին Անդրես Ինյեստան խփեց միակ ու հաղթական գնդակը:
Ոչ մի անգամ Հոլանդիայի եւ Իսպանիայի հավաքականները աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում իրար դեմ դուրս չէին եկել, եւ դա տեղի ունեցավ հենց եզրափակիչում: Հերթական անգամ աշխարհի առաջնության եզրափակիչում հիմնական ժամանակը թիմերին չբավականացրեց, 90 րոպեում խփել չհաջողվեց: Առաջին խաղակեսում չափազանց լարված պայքարի հետեւանքը եղավ անհետաքրքիր ու կոպիտ խաղը: Ընդմիջումից հետո թիմերը սկսեցին ավելի բազմազան գործել, եւ 62-րդ րոպեին Հոլանդիան չիրացրեց գրեթե հարյուրտոկոսանոց գոլային հնարավորությունը: Սնեյդերը փայլուն փոխանցումով Կասիլյասի դեմ մենմենակ դուրս բերեց Ռոբենին, սակայն հաղթողը դարպասապահն էր: Իսկ յոթ րոպե անց հաշիվը բացելու հրաշալի պահ բաց թողեց Վիլյան: Երեք մետրից նա չկարողացավ գրավել դարպասը: Հիմնական ժամանակի ավարտից յոթ րոպե առաջ դարձյալ Ռոբենը կենտրոնով շրջանցեց Պույոլին ու Պիկեին, բայց Կասիլյասը երկրորդ անգամ հաղթող դուրս եկավ:
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում բաց եւ արագ խաղ ծավալվեց: Ավելի շատ պահեր ունեին իսպանացիները, իսկ ամենաիրականը` Նավասը: Նա հարվածեց դարպասին եւ գնդակը պաշտպանի ոտքից հայտնվեց ցանցում, բայց դրսի կողմից: Վերջին տասը րոպեները Հոլանդիան անցկացրեց տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտը ստացավ Հեյտինգան: Այդ առավելությունը իսպանացիներն օգտագործեցին 116-րդ րոպեին: Մոտ 13 մետրից փայլուն հարված կատարեց Անդրես Ինյեստան: Գործը հետխաղյա 11 մետրանոցներին չհասավ: Իսպանիան աշխարհի նոր չեմպիոնն է: