ՀԱՀ-ում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում աշխարհի նախկին չեմպիոններից ոչ մեկին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Փոխարենը, աշխարհի գավաթի համար վճռորոշ մրցամարտում կհանդիպեն Իսպանիայի ու Հոլանդիայի հավաքականները: Երկու հրաշալի ընտրանիներ, որոնք մինչ օրս չեն կարողացել ճանաչվել լավագույնն աշխարհում, իսկ իսպանացիներն ընդհանրապես առաջին անգամ են հայտնվում եզրափակիչում: Եվրոպայի գործող չեմպիոնը կիսաեզրափակիչում առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ, որը նախքան այս 8 գնդակ էր ուղարկել Անգլիայի և Արգենտինայի հավաքականների դարպասը: Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումն առաջինի հակապատկերն էր: Եթե Հոլանդիա-Ուրուգվայ մրցավեճն ընթացավ գոլառատ պայքարում և թիմերը բաց ֆուտբոլ խաղացին, ապա Իսպանիա-Գերմանիա խաղում կողմերը շատ ավելի զգույշ էին գործում: Մինչև հաշվի բացվելը, վտանգավոր պահերը բավական քիչ էին, իսկ եթե պահեր լինում էին, ապա հիմնականում իսպանացիների կատարմամբ: Դել Բոսկեի թիմը տարածքային շոշափելի առավելություն ուներ և աստիճանաբար մեծացնում էր ճնշումը:
Պույոլի 73-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խփված գնդակը հենց այդ ճնշման տրամաբանական արդյունքն էր: Գոլից հետո էլ Իսպանիան իր կամքը թելադրեց մրցակցին և խաղը հասցրեց հաղթական ավարտի: Ինչպես և «Եվրո-2008»-ի եզրափակիչում, իսպանացիները Գերմանիայի նկատմամբ առավելության հասան 1:0 հաշվով:
Կարելի է ասել, որ Իսպանիան իր լավագույն հանդիպումն անցկացրեց աշխարհի ընթացիկ առաջնությունում, իսկ գերմանացիները` վատագույնը: Գերմանիան, նույնիսկ խմբային մրցաշարում Սերբիայից կրած պարտության ժամանակ ավելի լավ տեսք ուներ: Իսկ կիսաեզրափակիչում Լյովի թիմը ոչինչ չցուցադրեց: Անգլիային և Արգենտինային խոշոր հաշիվներով հաղթած հավաքականից սպասելիքները լրիվ այլ էին այս խաղում, բայց դրանք չարդարացան: Թոմաս Մյուլերի բացակայությունը միանգամից զգացվեց, իսկ Իսպանիան ապացուցեց, որ կարող է հաջողության հասնել նաև առանց Ֆեռնանդո Տորեսի, ով այս անգամ արդեն հայտնվել էր պահեստայինների նստարանին:
Առջևում եզրափակիչն է, որը կկայանա հուլիսի 11-ին: Իսկ մինչ այդ, Գերմանիայի և Ուրուգվայի հավաքականները կպայքարեն բրոնզե մեդալների համար:
աղբյուրը ` tert.am
|