Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի հանդիպումներից Անգլիա-Գերմանիա մրցավեճն ինչ-որ տեղ ստվերում էր թողել մեկ այլ հետաքրքիր դիմակայություն` Իսպանիա-Պորտուգալիա: Պիրենեյան դերբին իր դիտարժանությամբ զիջեց անգլո-գերմանական արդյունավետ դիմակայությանը, սակայն ձանձրանալու հնարավորություն այս խաղում ևս չեղավ: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան կարողացավ հաղթահարել հարևանների արգելքը և դուրս գալ քառորդ եզրափակիչ:
Հանդիպման առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն դա չի նշանակում, որ այս հանդիպումը նման էր օրվա առաջին մրցավեճին` Պարագվայ-Ճապոնիա հանդիպմանը, որտեղ գոլազուրկ ոչ-ոքի արձանագրվեց: Իսպանիայի և Պորտուգալիայի մրցավեճն ընթացավ անհամեմատ հետաքրքիր պայքարում և ամեն րոպե հաշիվը կարող էր բացվել: Մինչև հաշվի բացվելը, խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում: Համենայն դեպս, պորտուգալացիները պահերով ամենևին էլ չէին զիջում և երբեմն ավելի սուր էին գրոհում: Բայց, Իսպանիայի հավաքականն ունի Դավիթ Վիլյա, ով 63-րդ րոպեին օգտվելով Խավիի հերթական աչք շոյող փոխանցումից` գրավեց անխոցելի թվացող Էդուարդոյի դարպասը (մինչ այս պորտուգալացի դարպասապահը գոլ չէր ընդունել): Գոլից հետո իսպանացիներն արդեն սավառնում էին խաղադաշտում, իսկ որոշ ժամանակ անց` ամուր պահում էին գնդակը: Պորտուգալիան չուներ Վիլյա, սակայն Կառլույ Կեյրուշի տրամադրության տակ էր աշխարհի լավագույն խաղացողներից մեկը Ռոնալդուն, ով ևս պետք է իր խոսքն ասեր այս խաղում: Մադրիդի "Ռեալի" առանցքային խաղացողը, ով վերջին շրջանում բարիդրացիական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ում Կիմ Կարդաշյանի հետ և հաճախ է հանդիպում հայկական արմատներ ունեցող մոդելի հետ, նման ցանկություն ուներ, բայց այդպես էլ չկարողացավ անհանգստացնել իր ակումբային խաղընկեր Իկեր Կասիլյասին: Ռոնալդուի և խաղընկերների ճանապարհին կանգնեցին ոչ միայն "Ռեալի", այլև արքայական ակումբ ոխերիմ թշնամի "Բարսելոնայի" ֆուտբոլիստները, որոնց պատճառով պորտուգալացին այս տարի Իսպանիայում բավարարվեց արծաթե մեդալով: Պորտուգալիան ոչինչ չկարողացավ անել Եվրոպայի գործող չեմպիոնների դեմ և ստիպված է հավաքել ճամպրուկները: Իսկ Իսպանիայի հավաքականը շարունակում է ավելացնել` ապացուցելով, որ ֆավորիտների լավագույն եռյակում է:
|