Առաջին օրը նա խոստացավ ջանասիրաբար աշխատել, ինչպես նաև, որ մարդիկ կհպարտանան իրենց թիմով: Եվ նա կատարեց ավելին, քան խոստացել էր: Մրցանակներ նա չխոստացավ, սակայն նրա օրոք Բարսելոնան յոթ գավաթ նվաճեց: Այսօր լրանում է երկու տարին, ինչ Գվարդիոլան նշանակվել է Բարսայի գլխավոր մարզիչ: Նա 730 հրաշալի օրեր պարգևեց թիմին և երկրպագուներին:
<<Զգում եմ, որ պատրաստ եմ, զգում եմ, որ չեմ հիասթափեցնի>>
Գվարդիոլան դարձավ Բարսելոնայի առաջին թիմի գլխավոր մարզիչ այն բանից հետո, երբ հասցրեց Բարսա Ատլետիկին մինչև Սեգունդա Բ: Շատերը կասկածում էին, որ նա բավականաչափ փորձ և ուժ կունենա Բարսելոնան ղեկավարելու համար: Նա լավ էր ճանաչում այս ակումբը և գիտեր, թե ինչ է նրան պետք: Եվ նա ստիպեց, որ բոլոր մարդիկ, ովքեր կասկածում էին, փոշմանեն և ամաչեն իրենց խոսքերի համար: Նա աճել է Բարսելոնայում, գլխավորել է Բարսայի երկրորդ թիմը, ով պետք է դառնար մարզիչ, եթե ոչ Գվարդիոլան:
<<Ես գնահատում եմ աշխատանքը, տաղանդը և նպատակամղվածությունը>>
Յուրաքանչյուրն էլ գիտի, որ նա ստիպեց թիմին աշխատել ավելին քան երբևէ: Նա միշտ ճիշտ խոսքեր է գնտում թիմին տրամադրելու, ոգևորելու համար: Գվարդիոլան փոխեց այս թիմում ամեն ինչ. պարապմունքների ընթացքը, վերաբերմունքը խաղին, հանգիստը: Ամեն ինչ, բացի հաղթանակի ձգտումից, ինչի պակասը կատալոնացիները երբեք չեն զգացել: Գվարդիոլան ստիպեց ֆուտբոլիստներին հավատալ իրենց ուժերին: Մինչև նրա գալը թիմ Բարսելոնան գրավել էր Պրիմերայիում երրորդ տեղը, դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից: Կարծես լավ արդյունք է, բայց ոչ Բարսայի համար: Նույնիսկ պակասել էր Կամպ Նոու հաճախող երկրպագուների թիվը: Սակայն Գվարդիոլան կարողացավ ետ բերել երկրպագուներին դեպի Կամպ Նոու:
<<Ես կուզեի մրցանակներ խոստանալ, բայց դա սխալ կլիներ>>
Գվարդիոլան բծախնդիր աշխատող է և օժտված է հաղթողի հոգեբանությամբ: Բայց միաժամանակ նա միշտ մեծ հարգանք է ցուցաբերում մրցակիցների նկատմամբ, լինի դա ամենաթույլ թիմը, թե Չեմպիոնների լիգան հաղթելու հավակնորդ թիմ: Նա միշտ նշում է մրցակցի լավ և ուժեղ կողմերը և երբեք չի թերագնահատում հակառակորդին: Հենց դա էլ օգնել է Խոսեպ Գվարդիոլային Բարսելոնայի հետ միասին բազմաթիվ մրցանակներ նվաճել:
|