Լապորտա.<<Մենք ցանկանում ենք պահպանել թիմի կազմը>>
Բարսելոնա ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը կդիտարկի թիմի միայն այն ֆուտբոլիստների վերաբերյալ այլ ակումբների առաջարկությունները, ովքեր ցանկություն կհայտնեն լքել Բարսան: Յայա Տուրեի վերաբերյալ Լապորտան ասաց.<<Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով բացվեց հենց Բարսելոնայում: Այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք, որ նա դեռ շատ երկար տարիներ այստեղ խաղա: Բայց նրա գործակալը մեզ ասաց, որ Յայան այնքան էլ լավ չի զգում իրեն ստեղծված իրավիճակում, քանի որ քիչ խաղային պրակտիկա է ստանում: Դրա համար էլ մենք պատրաստ ենք դիտարկել Տուրեի վերաբերյալ այլ ակումբների առաջարկները>>: Ֆաբրեգասի հետ կապված իրավիճակը Լապորտան մեկնաբանեց հետևյալ կերպ.<<Մենք չենք գնի ոչ մի ֆուտբոլիստի, ում համար շուկայական արժեքից ավելի մեծ գին են պահանջում: Մենք շատ ենք ցանկանում ձեռք բերել Սեսկին, և Արսենալի ղեկավարությունը դա գիտի, սակայն մենք չափից դուրս մեծ գին չենք վճարի ոչ մի ֆուտբոլիստի համար: Եթե նրա արժեքը համապատասխանի իրականությանը, ապա մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի նա հայտնվի Բարսելոնայում>>: