Բարսելոնայի ութ ֆուտբոլիստներ կսկսեն իրենց ելույթներն աշխարհի առաջնությունում հունիսի 16-ին Իսպանիայի ազգային ընտրանու կազմում: Առաջին հանդիպումը նրանք կանցկացնեն Շվեյցարիայի դեմ: H խմբում Իսպանիան ակնհայտ ֆավորիտն է, որտեղ նրա մրցակիցներն են Շվեյցարիայի, Չիլիի և Հոնդուրասի հավաքականները: Չնայած իսպանացիները երբեք չեն արժանացել աշխարհի չեմպիոնի տիտղոսին, բայց այժմ հանդիսանում են ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի գավաթը նվաճելու գլխավոր հավակնորդներից: Վիկտոր Վալդեսի և Պեդրոյի համար Շվեյցարիայի դեմ հանդիպումն առաջին անգամը կլինի, երբ նրանք կհագնեն Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը: Նախորդ մրցաշրջանում Վալդեսի փայլուն խաղը(արդյունքում` Զամորայի մրցանակը) հիմք դարձավ, որ Վիսենտե Դել Բոսկեն վերջապես հավաքականի կազմում ընդգրկի Բարսելոնայի դարպասապահին: Իսկ Պեդրոն դարձավ Բարսելոնայի կազմում տարվա հայտնությունը` դառնալով թիմի գրեթե բոլոր կարևոր գոլերի հեղինակը: Բացի այդ, Պեդրոն դարձավ միակ խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ, ով գոլի հեղինակ է դարձել իր թիմի մասնակցությամբ բոլոր 6 մրցաշարերում: Անկասկած Պեդրո Ռոդրիգեսը վաստակել է իրավունքը մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը` առաջին անգամ հրավիրվելով Իսպանիայի ազգային հավաքական: Սերխիո Բուսկետսի և Ժերար Պիկեի համար այս առաջնությունը նույնպես առանձնահատուկ կլինի, քանի որ նրանք առաջին անգամ են մասնակցելու աշխարհի առաջնությանը: Իսպանիայի հավաքականի անբաժանելի մասն են դարձել Բարսելոնայի առաջին և երկրորդ ավագները` Պույոլը և Չավին: Առջևի գծում Բարսելոնան ներկայացնում է Դավիդ Վիլյան, ով, անկասկած, հավաքականի անփոխարինելիների շարքին է դասվում: Իսպանացիներին, ունենալով Բարսելոնայի կազմից 8 ֆուտբոլիստներ, այլ բան չի մնում, քան առնվազն համառ պայքար մղել լավագույնի տիտղոսի համար: