Հենց կատալոնական «Բարսելոնան» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից, ԶԼՄ-ները սկսեցին խոսել «կապտանռանգույնների» առաջատար Լիոնել Մեսսիի` թիմից հեռանալու ու անգլիական Պրեմյեր-լիգա տեղափոխվելու մասին: Ինքը` արգենտինացին, հերքեց բոլոր ասեկոսեները` հավատացնելով, որ չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից: «Ես նույնիսկ չեմ մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին: «Բարսան» իմ կյանքն է: Այս թիմն է ինձ պարգևել այն, ինչ հիմա ես ունեմ: Ես չեմ կարող և չեմ ուզում հեռանալ «Բարսելոնայից»: Գիտեմ, որ անգլիական Պրեմյեր-լիգան շատ լավն է: Ավելին, ես նույնիսկ դիտում եմ ԱՊԼ-ի հանդիպումները հեռուստացույցով, երբ այդպիսի հնարավորություն եմ ունենում:
Ես հիանում եմ ԱՊԼ-ի խաղացողների մակարդակով: Անգլիայում, ֆուտբոլիստների բարձր կարգից զատ, նաև հիանալի երկրպագուներ են: Բայց ես չեմ կարող պատկերացնել ինձ Անգլիայում: Իմ սիրտը «Բարսելոնայի» հետ է: Ընդմիշտ: Սա մեծ ակումբ է: Ես սիրում եմ «Բարսային», մարդկանց, ամենը, ինչ կապված է նրա հետ»,- Մեսիի խոսքերը մեջբերում է goal.com-ը