Խոսեպ Գվարդիոլան խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անմիջապես նշել է, որ 1000 կիլոմետրանոց ճանապարհորդությունը ավտոբուսով Բարսելոնայից մինչև Միլան չի կարող արդարացում լինել, եթե թիմն անհաջողության մատնվի: Նա ասաց, որ իր թիմն ամբողջ ուժով կխաղա, ինչպես նաև գովեց Ինտերի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` անվանելով նրան աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է ազդել Բարսելոնայից մինչև Միլան ավտոբուսով հոգնացուցիչ ճանապարհորդությունը ֆուտբոլիստների վրա, բայց Գվարդիոլան հայտարարեց.<<Այո, մենք չէինք ցանկանում 14 ժամ երթևեկել ավտոբուսով, սակայն երկրորդ և երրորդ դիվիզիոններում բազմաթիվ թիմեր կան, որոնք մշտապես այսպես են վարվում>>: Գվարդիոլան շնորհակալություն հայտնեց Ինտերին Մոսկվայի ԲԿՄԱ-ին մրցաշարից դուրս թողնելու համար` ասելով.<<Դուք պատկերացրեք ավտոբուսով ուղևորությունը Մոսկվա: Մենք ստիպված կլինեինք շաբաթօրյա խաղից անմիջապես հետո ճանապարհ ընկնել, որպեսզի հասնեինք խաղին>>: Ինտերը և Բարսելոնան արդեն հանդիպել են միմյանց Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում, սակայն Գվարդիոլան կարծում է, որ այս խաղերը տարբերվելու են խմբային փուլի խաղերից.<<Մենք խաղալու ենք մի թիմի դեմ, որն այժմ հիանալի մարզավիճակում է: Նրանք յուրաքանչյուր դիրքում էքստրաօրդինար ֆուտբոլիստներ ունեն: Մեր մրցակցի խաղը և ուժն ինձ համար անակնկալ էին>>: Բացի այդ Խոսեպը գովեստի խոսքեր գտավ նաև Ինտերի մազրիչ Մոուրինյոյի համար.<<Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից է: Նա իր թիմերից յուրաքանչյուրին շատ մրցունակ է դարձնում: Ինձ` դեռևս մարզչական կարիերաս նոր սկսող մարզիչիս համար մեծ պատիվ է մրցել նրա հետ: Ինտերի դեմ խաղին պատրաստվելը շատ դժվար է, քանի որ նրանց մարզիչը միշտ բազմաթիվ ձևեր է պատրաստում մրցակցի դեմ խաղալու համար>>: