Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը, Երեւանի ժամանակով 01.00-ին, ամբողջ աշխարհի մարզասերների, հատկապես ֆուտբոլասերների ուշադրությունը բեւեռվելու է Մադրիդին. «Ռեալը» Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հյուրընկալելու է «Բարսելոնային»:
«Էլ Կլասիկո»` այսպես է անվանվում իսպանական 2 հսկաների դիմակայությունը, որը շարունակվում է արդեն մոտ 1 դար: Առանց չափազանցության` սա ակումբային ֆուտբոլում աշխարհի ամենաուժեղ հանդիպումն է, անգամ ավելի սպասված ու ինտրիգային, քան Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:Երեկ ավարտվեցին Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումները, ու արդեն իսկ պարզ է կիսաեզրափակիչ մտած թիմերի ցանկը` «Բարսելոնան» պահպանեց այս մրցաշրջանում Մադրիդի գեղեցկատեսիլ մարզադաշտում` «Սանտյագո Բեռնաբեուում» եւս մեկ անգամ հանդես գալու հնարավորությունը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը կայանալու է մայիսի 22-ին, նախատեսված է անցկացնել հենց այս մարզադաշտում: Բայց մինչ այդ, ընդամենը 2 օր հետո, «Բարսելոնային» սպասում է «Ռեալը»` վիրավոր, անգամ` պատվազրկված: Մադրիդում կայացած վերջին «Էլ Կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակով` 6-2 հաշվով: Ընդ որում, այս թիմերի միջեւ մինչ այժմ անցկացված 154 հանդիպումների մեջ սա ամենախոշոր հաշվով հաղթանակն էր հյուրընկալվող թիմի համար: Իսկ ֆուտբոլասերների, ակումբների ղեկավարության, մարզիչների, ֆուտբոլիստների համար այս հանդիպումներում կարեւոր է ոչ միայն գրանցված արդյունքը` սա նաեւ հպարտության ու արժանապատվության հարց է: Այս թիմերի դիմակայությունը սկսվել է Իսպանիայի 1-ին իսկ առաջնությունից` 1929 թվականից : Իսկ մինչ այժմ անցկացված 154 հանդիպումներից 68-ում հաղթել է «Ռեալը», 61 հաղթանակ է տոնել «Բարսելոնան»: Բայց կես դարից ավելի է, ինչ «Ռեալ»-«Բարսելոնա» ֆուտբոլային հանդիպումները դուրս են եկել զուտ մարզական շրջանակներից ու դարձել են Կատալոնիա-Իսպանիա հակամարտության թատերաբեմ: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը համարվում է իսպանական արքայական դինաստիայի նստավայր, բայց իր հերթին էլ Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնը մշտապես համարվել է նոր գաղափարների, մտահղացումների, մշակութային նորարարությունների կենտրոն: