00:29 Ճամպրուկ, օդանավակայան, Խերարդո Մարտինո. Ի՞նչ է սպասվում արգենտինացի մասնագետին | |
Կատալոնական «Բարսելոնան» հերթական պարտությունն է կրում: Այս անգամ մրցակիցը ոչ այնքան ուժեղ «Գրանադան» էր: Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում պարտությունը կարելի էր ընդունել որպես պարտություն, իսկ այսօրվա հանդիպումը` խայտառակություն: Ըստ Marca-ի` կատալոնական ակումբի ղեկավարությունը չի վստահում արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոյին, ով, ամենայն հավանականությամբ, կլքի «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Իսպանացի լրագրողները փորձել են հասկանալ, թե ի՞նչ է թիմում փոխվել «Տատա» Մարտինոյի ժամանակ: Առաջին. Լիոնել Մեսսին սկսել է վատ հանդես գալ: Անձամբ Մարտինոն է նշել, որ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում Մեսսին ամենավատ հանդես եկող ֆուտբոլիստն էր: Երկրորդ. Մարտինոյի տարօրինակ մարտավարությունները: Արգենտինացի մասնագետի որոշումները զարմացնում են նույնիսկ Անդրես Ինիեստային, ով միշտ հարմարվում էր թիմի մարտավարություններին: Երրորդ. Մարտինոն չունի համբավ: Երկրպագուներն ու լրագրողները նրան թերհավատորեն են վերաբերվում: Խերարդո Մարտինոյի գլխավոր սխալներից մեկը նոր պաշտպան չգնել էր: Վերջինս սպասում էր Կառլես Պույոլի ապաքինմանը, ով արդեն իր տարիքն առել է: Ավագը բազում անգամ նշել էր, որ չի կարող հանդես գալ իր նախկին մակարդակով: Մարտինոն չցանկացավ լսել Պույոլին: Այսպիսով, Խերարդո Մարտինոն դեռ չի կարողանում ելք գտնել և ոտքի կանգնեցնել այնպիսի թիմի, որը Խոսեպ Գվարդիոլայի օրոք կարողանում էր հրաշքներ գործել: Այժմ հարց է ծագում. Ճամպրուկներ և օդանավակայա՞ն, թե՞ նոր մարտավարություններ և նորանոր հաջողություններ: Գևորգ Մարտիրոսյան / ArmFootball.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 515 | |