Չավի (Xavi) կամ Խավիեր Էռնանդես Կրեուսը (Xavier Hernández i Creus) - «Բարսելոնայի 6 համարը, թիմի լավագույն կիսապաշտպաններից մեկը, ծնվել է 1980 թվականի հունվարի 25-ին Կատալոնիայի Տերրասե քաղաքում: Չավին «Բարսայի» առաջատարներից ու սիմվոլներից է, հայտնի է իր գերճշգրիտ փոխանցումներով, և հանդիսանում է Եվրոպայի և աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Այսպիսի ֆուտբոլիստն անկասկած մշտապես հրավիրվում է Իսպանիայի ազգային հավաքական: Հավաքականում մի շարք աստղերի կողքին Չավին կարողանում է աչքի ընկնել իր տաղանդով, ինչով էլ դարձել է Իսպանիայի ընտրանու առաջատարներից:
Չավին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Նոու Կամպում` միանալով «Բարսելոնային 11 տարեկան հասակում: Նա բավական կարճ ժամանակում կարողացավ տեղ գտնել երիտասարդական թիմում և շուտով դարձավ «Բարսելոնա Բ-ի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա մեծացավ որպես հիանալի և հեռանկարային ֆուտբոլիստ: Չավին Բարսելոնայի հիմնական թիմում իր դեբյուտը նշեց 1998 թվականի օգոստոսի 19-ին Մալյորկայի դեմ խաղում, որի ժամանակ նա իր առաջին խաղում գոլ խփեց մրցակցի դարպասը: Լուի վան Գաալի մոտ Չավին դաշտի կենտրոնի հիմնական խաղացող էր: Անկախ նրանից, թե ով է մարզիչը, Չավին միշտ ընդգրկվել է «Բարսելոնայի» հիմնական կազմ: Այս ֆուտբոլիստի օրոք Բարսան հինգ մարզիչ է փոխել` Լուի վան Գաալ, Կառլես Ռեշակ, Ռադոմիր Անտիչ, Ֆրանկ Ռայկաարդ և Խոսեպ Գվարդիոլա: Առաջին անգամ չավին Իսպանիայի հավաքականի կազմում հայտնվեց 2000թվականի նոյեմբերի 15-ին: Այդ ժամանակվանից մին օրս Չավին մշտապես հրավիրվում է հավաքական: Իսպանական ընտրանու կազմում Չավին հաջողության հասավ 2008-ին, երբ Իսպանիան դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Չավին ճանաչվեց այդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Ինիեստա (Iniesta) կամ Անդրես Ինիեստա Լուխանը (Andres Iniesta Lujan) - ծնվել է 1984 թվականի մայիսի 11-ին Իսպանական Ալբասետե քաղաքում: Նա Բարսելոնայի կենտրոնական կիսապաշտպաններից է, կրում է 8 համարի մարզաշապիկը, տիրապետում է հիանալի տեխնիկայի:
Տասներկուամյա Ինիեստային Բարսելոնայի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, և շուտով Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա: Ինիեստան Բարսայի հիմնական կազմում իր դեբյոտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգգեի դեմ: 2003-2004-ի մրցաշրջանում Ինիեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ: Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին` Ռոնալդինյոյին: Իսկ հաջորդ` 2004-2005 մրցաշրջանում, Անդրես Ինիեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում` խաղալով Իսպանիայի առաջնությաունում 37 խաղ: Ինիեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ: 2006-ին նա Իսպանիայի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը,իսկ 2008-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ինիեստան Բարսելոնայի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է: Նրա կարիերայի ամենակարևոր գոլը դարձավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հանդիպման 90+3-րդ րոպեին Չելսիի դարպասը խփած գնդակը: Այդ գոլի շնորհիվ Բարսելոնան եզրափակիչի ուղեգիր նվաճեց և հետագայում էլ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը` հաղթելով Մանչեստեր Յունայթեդին: Յունայթեդի դեմ եզրափակիչից առաջ Ինիեստայի մասնակցությունը խաղին կասկածի տակ էր: Սակայն Անդրեսը արագացված վերականգնողական կուրս անցավ և կարողացավ մասնակցել այդ կարևորագույն խաղին ու օգնեց Բարսելոնային նվաճել Եվրոպայի լավագույն ակումբի կոչումը:
|