Այս մրցաշրջանից առաջ Բարսելոնայի
հարձակման գիծը համալրեց այնպիսի մի ֆուտբոլիստ, ինչպիսին է Դավիդ Վիլյան: Այս ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում արդեն
բազմիցս ապացուցել է, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է, հանդիսանում է աշխարհի
լավագույն հարձակվողներից մեկը և արժանի է խաղալ այնպիսի ակումբում,
ինչպիսին է Բարսելոնան: Վիլյայի ձեռքբերումը դարձավ Բարսելոնայի արդեն
նախկին նախագահ Ժոան Լապորտայի վերջին նվերը երկրպագուներին: Սակայն դեռ
լիովին պարզ չէ, թե հարձակման որ դիրքում է խաղալու Վիլյան: կենտրոնական
հարձակվողի դիրքում նա երկար տարիներ խաղացել է Վալենսիայում և եղել է թիմի
առաջատարը: Սակայն պետք է հաշվի առնել, որ Բարսան Վալենսիա չէ, և այստեղ
մրցակցությունը հարձակման կենտրոնում ավելի մեծ է: Այս դիրքում մոտ
խաղալուն հավակնում են Իբրահիմովիչը, Բոյանը, Պեդրոն և Վիլյան: Այն հարցին, թե որտեղ է խաղալու Վիլյան,
մասամբ պատասխանեց աշխարհի առաջնությունը: Հարավային Աֆրիկայում Դավիդ
Վիլյան դարձավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողներից մեկը: Սակայն
եղան խաղեր, որոնց ժամանակ նա լուրջ խնդիրներ ունեցավ և չկարողացավ գոլի
հեղինակ դառնալ: Դրանք Շվեյցարիայի, Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականների
դեմ խաղերն էին, որոնց ժամանակ նա կենտրոնական հարձակվողի դիրքում էր
խաղում: Նա իր բոլոր գոլերն աշխարհի առաջնությունում խփեց` խաղալով
հարձակման ձախ եզրում, իսկ կենտրոնում այդ ժամանակ խաղում էր Տորրեսը: Փաստորեն
Վիլյան իրեն հիանալի դրսևորեց ձախ հարձակվողի դերում, ինչը նշանակում է,
որ նա նույն դիրքում կարող է խաղալ նաև Բարսելոնայում: Այս դիրքում միայնակ
էր մնացել Պեդրոն, քանի որ թիմից հեռացել է Թիերի Անրին: Դավիդ Վիլյայի
ժամանումը Բարսա նշանակում է, որ մրցակիցներն այժմ պետք է զգուշանան նաև
կապտանռնագույնների ձախ եզրից: Բացի այդ, Վիլյան արդեն հատարարել է
լրագրողներին, որ կարող է խաղալ նաև ձախից: Նա նշել է նաև, որ ինքը և
Իբրահիմովիչը համատեղելի են խաղադաշտում, ինչը նշանակում է, որ նա թիմում
իրեն տեսնում է ձախ հարձակվողի դիրքում, իսկ Իբրային` կենտրոնում: Ալվեսի
բարձրից փոխանցումներն այժմ կգտնեն Վիլյային, այլ ոչ թե բաժին կհասնեն
մրցակցին: Այդ դեպքում Մեսսին կկարողանա նորից վերադառնալ հարձակման իր
հարազատ աջ եզրը: Որտեղ նա հիանալի է կարողանում համագործակցել Դանիել
Ալվեսի հետ: Այստեղ արգենտինացու նկատմամբ հսկողությունն ավելի թույլ
կլինի, քանի որ նրան չեն հսկի նաև հենակետայինները, այլ միայն մրցակցի ձախ
պաշտպանը: հարձակման այս եռյակը խոստանում է լավագույնը լինել առաջիկա
տարիներին:
Անվանի հարձակվողներին պատրաստ են
փոխարինել երիտասարդները, ովքեր արդեն ապացուցել են, որ կարող են իրենց
լավագույնս դրսևորել խաղադաշտում: Վիլյային ձախ եզրում կարող է փոխարինել
Պեդրոն, ով այդտեղ մի ամբողջ մրցաշրջան խաղաց և գոլերի հեղինակ դարձավ:
Իբրայի կենտրոնում կարող է փոխարինել Բոյան Կռկիչը, ով բավական լավ
փոխարինեց շվեդին նախորդ մրցաշրջանի վերջում: Կենտրոնում ինչպես ձուկը
ջրում կխաղա նաև Վիլյան: Իսկ ահա Մեսսիին փոխարինելը մի փոքր դժվար է, քանի
որ նա ունիկալ է, և այդպիսինն այլևս չկա: Ամեն դեպքում, նրա դիրքում հաջող
կարող է խաղալ Ժեֆրենը, ով արդեն հասցրել է գոլի հեղինակ դառնալ Կամպ
Նոուում նախորդ մրցաշրջանում: Աջից առանց խնդիրների կխաղա նաև Բոյանը: Թե
ինչքանով կիրականանան իմ ենթադրությունները և ցանկությունները, կտեսնենք
առաջնության արդեն առաջին խաղերի ժամանակ: